Ադրբեջանը փորձում է լրացուցիչ պատրվակներ ձևավորել նոր սադրանքների ու ագրեսիաների համար. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, արձագանքելով Ադրբեջանից հնչող մեղադրանքներին, ֆեյսբուքյան էջում «Որոշ կետեր ականի պայթյունի ենթադրյալ միջադեպի վերաբերյալ ադրբեջանական վերջին պնդումների մասին» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված հատվածում իրենց երեք զինվորի՝ ականի պայթյունից վիրավորվելու մասին՝ անհիմն կերպով մեղադրելով հայկական կողմին դիտավորյալ սադրանքի մեջ:

Մի քանի դիտարկում այդ առումով՝

1. Քանի որ այդ հատվածը գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, ապա անտրամաբանական է պնդել, որ դրանք թարմ և դիտավորյալ դրված ականներ են: Տեսադիտարկման ադրբեջանական համակարգերի պայմաններում ինչպե՞ս է հնարավոր իրենց թիկունքում թարմ ականներ տեղադրել…

2. Այդ հատվածում մարտեր են եղել և՛ 1990-ական, և՛ 2020թթ. Պատերազմների ժամանակ, և հնարավոր չէ ասել, թե ում կողմից դրված ականներ են այնտեղ: Ավելին, երբ այդ տարածքը մեր վերահսկողության տակ էր, ժամանակին այդտեղ մեր մի հովիվ էլ էր պայթել ականի վրա: Ուստի, չեմ էլ բացառում, որ դրանք ժամանակին հենց ադրբեջանցիների կողմից դրված ականներ են եղել:

3. Քանի որ Ադրբեջանը երբևէ չի համագործակցել Արցախի և Հայաստանի հետ և չի տրամադրել որևէ ականադաշտի քարտեզ, ինչպես նաև միշտ խոչընդոտել է Արցախում ականազերծման միջազգային ջանքերին, այդ պատճառով մենք չենք կարողացել ժամանակին բավարար չափով ականազերծել բազմաթիվ տարածքներ, այդ թվում՝ այդ հատվածը:

4. Ի՞նչ կապ ունի Հայաստանի Հանրապետությունը, եթե դա Արցախի տարածքի խորքում է, իսկ բոլոր ճանապարհներն էլ արգելափակված Ադրբեջանի կողմից, ինչը նշանակում է, որ Հայաստանից ցանկացած մուտք բացառված է արդեն ամիսներ շարունակ:

5. Ադրբեջանական մեղադրանքներից ու պնդումներից զգացվում է, որ նրանք փորձում են լրացուցիչ պատրվակներ ձևավորել նոր սադրանքների ու ագրեսիաների համար, այնինչ արցախյան կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը և միշտ պատրաստ է քննարկել ու կարգավորել երկուստեք մտահոգող բոլոր հարցերը, այդ թվում՝ շրջափակման վերացումը և երկկողմանի ականազերծման հարցերը:

Related posts

Անվտանգության ապահովման հարցում հույսներս պետք է դնենք մեզ վրա. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը՝ սահմանազատման հերթականության մասին

Աջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև իր շահերը. դեսպան Տոլմաջյան