Ադրբեջանը պետք է անհապաղ վերադարձնի ռազմագերիներին և պահվող այլ անձանց. Հակոբ Արշակյանն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Հակոբ Արշակյանը շնորհավորել է դեսպանին՝ Ռուսաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ՝ կարևորելով ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման դրական ազդեցությունը պետության զարգացման վրա:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով ռուսական կողմի ցուցաբերած աջակցության համար, բարձրաձայնել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հրատապ կարգավորման հարցը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը պետք է անհապաղ վերադարձնի ռազմագերիներին և պահվող այլ անձանց՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

Դեսպանն իր հերթին նշել է, որ խնդիրը ՌԴ իշխանությունների ուշադրության կենտրոնում է:

ՀՀ ԱԺ փոխնախագահը երկու երկրների դաշնակցային և ռազմավարական հարաբերություններում կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, անդրադարձել միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանն ու պատվիրակությունների համատեղ աշխատանքին:

Այս համատեքստում Հակոբ Արշակյանը նշել է, որ շուտով կկազմավորվեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունները և առաջիկայում կմասնակցեն վեհաժողովների նիստերին:

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա գործունեությանը, կարևորել խորհրդարանական հանձնաժողովների համատեղ աշխատանքը, խոսել իշխող կուսակցություների միջև կապերի ընդլայնման մասին:

2022 թվականին լրանում է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Կողմերը քննարկել են նաև այդ կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների օրակարգին առնչվող հարցեր:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում