Ադրբեջանը ոչ միայն քանդել է Արցախի ԱԺ-ի շենքը և Ազատամարտիկների միության գրասենյակը, այլև Վերածննդի հրապարակի պատկերաքանդակները

Ադրբեջանի պետական վարչակարգը բռնազավթված Ստեփանակերտում շարունակում է ոչնչացնել պատմաճարտարապետական հուշարձանները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը:

«Ադրբեջանցի վանդալները ոչ միայն շինարարական ծանր տեխնիկա օգտագործելով քանդեցին Արցախի Ազգային ժողովի շենքը և Ազատամարտիկների միության գրասենյակը այլ նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող պատկերաքանդակները։

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով Բռնազավթված Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանություն։

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Լուսանկարները տրամադրել է Հայքի մշակույթի օմբուդսմենի գրասենյակի գործընկեր Մխիթար Կարապետյանը»,-գրել է նա։

Related posts

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը. վարչապետ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ

Թուրքիայում ևս 3 ընդդիմադիր քաղաքապետ է ձերբակալվել