ԱԳ նախարարը և Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա խնդիրներ


Հունիսի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության դրական դինամիկան, այդ թվում նաև՝ խորհրդարանական ձևաչափով, և պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ ջանքերը տարբեր հարթակներում փոխգործակցության հետագա խորացման ուղղությամբ։ Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԵՄ ընդլայնվող գործընկերության օրակարգին առնչվող հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա խնդիրներ, որոնք հետևանք են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության:

Ընդգծելով դրանց հանգուցալուծման հարցում հայկական կողմի հանձնառությունը՝ նախարար Միրզոյանը շեշտել է այդ մոտեցումն Ադրբեջանի կողմից փոխադարձելու և սեփական հանձնառությունները կատարելու հրամայականը:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, այս համատեքստում շահագրգիռ միջազգային գործընկերների կողմից այդ ուղղությամբ իրականացվող ջանքերին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է գործընթացում առանցքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Ի թիվս այլ հարցերի, երկարատև կարգավորման համատեքստում երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը:

Related posts

Ալիևը հուսադրող է համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի սկիզբը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ավստրիա

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել