ՄԻՊ-ն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութի տարածմանը

Պաշտպան Անահիտ Մանասյանի անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութի տարածմանը:

«Ադրբեջանի hանրային հեռուստաընկերություններից մեկը հունիսի 5-ին հեռարձակել է տեսանյութ, որում անդրադարձել է հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում է 5 հայ ռազմագերու հետ։

Տեսանյութի և դրա տարածման վերաբերյալ Պաշտպանը հարկ է համարում ընդգծել հետևյալը.

Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա. այդպիսի գործողություններն ուղղակիորեն արգելված են Ժնևյան 3-րդ կոնվենցիայի 13-րդ հոդվածով։

Արգելքը հետապնդում է երկու հիմնական նպատակ. հարգել ռազմագերու արժանապատվությունը և պաշտպանել գերեվարման ընթացքում ու դրանից հետո ցանկացած ոտնձգությունից:

Ռազմագերիները, գտնվելով անազատության պայմաններում, չեն կարող անկաշկանդ կերպով ձևավորել և ներկայացնել իրենց համաձայնությունը տեսանկարահանվելու և նրանց մասնակցությամբ տեսանյութերի հեռարձակման կամ տարածման առնչությամբ։

Ռազմագերիների վերաբերյալ տվյալների հրապարակման և սոցիալական ցանցերով տարածման հետևանքով նրանք հանրության կողմից լրացուցիչ թիրախավորվում են, ինչի մասին են վկայում նաև տեսանյութի վերաբերյալ ադրբեջանական օգտատերերի բացասական մեկնաբանությունները։

Պաշտպանը կոչ է անում հայաստանյան լրատվական համայնքին խուսափել հայ ռազմագերիների վերաբերյալ ադրբեջանական աղբյուրներից վերցված տեսանյութերը տարածելուց՝ նրանց հանրային հետաքրքրությունից զերծ պահելու նպատակով։

Պաշտպանի՝ այս հարցի վերաբերյալ առավել մանրամասն իրավական դիրքորոշումն ուղարկվել է միջազգային գործընկերներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում