ԱԳՆ-ն դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի բացահայտ զինված ոտնձգությունը

Մայիսի 25-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զորամիավորումների կողմից արձակված կրակահերթերից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի անդամ պետության՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված բացահայտ զինված ոտնձգությունը, ինչը միջազգային իրավունքի նորմերի խախտում է:

Հակառակ միջազգային հանրության կոչերի՝ Ադրբեջանը հրաժարվում է դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ էլ ավելի սրելով իրադրությունը և խաթարելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ռազմական գործողությունների իրականացումը իրավունք է տալիս Հայաստանի Հանրապետությանը ձեռնարկելու անհրաժեշտ և համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, բնակչության անվտանգությունն ապահովելու համար:

Հատկանշական է, որ Ադրբեջանը փորձում է քողարկել Հայաստանի տարածքում իր այս ապօրինի ռազմական գործողությունները կեղծ տեղեկատվության շրջանառմամբ: Հայկական կողմը պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ տվյալ մահաբեր միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից