ԱԱԾ-ն հայտնում է զինծառայողի կողմից պետական դավաճանության դեպք բացահայտելու մասին

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է զինծառայող հանդիսացող ՀՀ քաղաքացու կողմից պետական դավաճանություն կատարելու ևս մեկ դեպք բացահայտելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն այդ մասին հաղորդագրություն է տարածել:

«ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, ով հանդիսացել է զինծառայող, կոչումով սպա, հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, տվել է իր գրավոր համաձայնությունն այդ կապակցությամբ և ստացել է համապատասխան ծածկանուն՝ պարտավորվելով հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որից հետո օտարերկրյա հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել ու ընդհանուր 1.400 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց վերջիններիս է հանձնել արտերկրում ռազմական ակադեմիան ավարտած համակուրսեցիների, ծառայության N զորամասի հրամանատարական կազմի, հրթիռահրետանային վարչության ղեկավար անձնակազմի, «էքսպո-ռազմական» ցուցահանդեսին մեկնած սպայական կազմի կենսորոշիչ տվյալները, բջջային հեռախոսահամարները՝ տրամադրելով նաև իր ծառայության N զորամասի N դիվիզիոնի զինծառայողների հաստիքացուցակը, ինչպես նաև նույն զորամասում առկա հրթիռային համակարգի թվաքանակի, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում զինտեխնիկայի կորստի, հրթիռահրետանային համազարկերի գտնվելու վայրերի, զորավարժության վայրերի, կիրառված զինտեխնիկայի, զորավարժությանը մասնակից ղեկավար սպայական կազմի վերաբերյալ տվյալներ:

Բացի այդ, նույն զինծառայողը, 44-օրյա պատերազմի ժամանակ, զբաղեցնելով հրթիռային N համակարգի մարտկոցի հրամանատարի տեղակալի պաշտոնը, մարտական առաջադրանք կատարելիս արդյունավետ և նպատակային խոցումներ չի կատարել, տևական ժամանակ միջոցներ չի ձեռնարկել հրթիռ արձակող զինտեխնիկան քողարկելու ուղղությամբ, որի հետևանքով հակառակորդի կողմից թիրախավորվել և անօդաչու թռչող սարքի միջոցով խոցվել է այն՝ հանգեցնելով զինտեխնիկայի անվերադարձ կորստի:

Միաժամանակ պարզվել է, որ հիշյալ զինծառայողը պատերազմի ավարտից հետո շարունակել է համագործակցությունն օտարերկրյա հատուկ ծաառայությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում վարձատրության դիմաց տրամադրել է նաև ներմուծված սպառազինության և զինտեխնիկայի քանակի ու տեսակի վերաբերյալ տվյալներ:

Պարզվել է նաև, որ նույն զինծառայողը, ունենալով գաղտնիության թույլտվության համապատասխան աստիճան, 8.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց փոխանցելու նպատակով հավաքել է N զորամասի գաղտնի դրոշմագրով մարտական քարտեզներ, սակայն բացահայտվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից՝ չկարողանալով իր հանցավոր գործունեությունն ավարտին հասցնել:

2022 թվականի ապրիլի 20-ին հիշյալ զինծառայողը պետական դավաճանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է և տվել է խոստովանական ցուցմունքներ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ողջ գործիքակազմով հետևողական և անզիջում պայքար տանել պետության հիմքերը խարխլող հիշյալ հանցագործությունների կանխման և խափանման ուղղությամբ՝ հավաստիացնելով, որ Ծառայությունը լիարժեքորեն տիրապետում է օպերատիվ իրավիճակին և վստահեցնում, որ լրտեսական գործունեության հետ առնչություն ունեցող յուրաքանչյուր ոք հայտնաբերվելու և ենթարկվելու է պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան