Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես, կատարել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումն ու ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը:

Այս մասին ընդգծված է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ տարածած հայտարարությունում:

«Ֆրանսիան իր ափսոսանքն է հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի համառ արգելափակման առիթով, որը հակասում է հրադադարի համաձայնությամբ ստանձնած պարտավորություններին և վնասում է բանակցային գործընթացին»,- ասված է հայտարարությունում:

Ֆրանսիան իր ամբողջական աջակցությունն է հայտնում Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հուլիսի 26-ի հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա ազդող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։

«Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես, կիրառել Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ նշված միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր են։ Ֆրանսիան կոչ է անում վերականգնել բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով և բնակչությանը գազով ու էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը»,- նշված է նախարարության հայտարարությունում:

Հայտարարությամբ հիշեցնում են նաև ապրիլի վերջին Հայաստան և Ադրբեջան կատարած այցի ժամանակ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի հնչեցրած ուղերձը՝ Ֆրանսիան ԵՄ-ի հետ մեկտեղ լիովին հավատարիմ է մնում տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմանը:

Հայաստանից հուլիսի 26-ին 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ՝ 19 բեռնատար ավտոմեքենաներով: Հումանիտար օգնությունը հուլիսի 26-ին հասել է Կոռնիձորի հատված՝ Լաչինի միջանցքի մուտքի հատված: Հայաստանը խնդրել է, որ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռն ու տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված: Բեռնատարներով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվում մակարոնեղեն, շաքարավազ, բուսական յուղ, կաթի փոշի, աղ, մանկական կեր, դեղորայք:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում