Օդաճնշիչ ատրճանակով կրակել են անչափահասների ուղղությամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացվում են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ապօրինի կերպով օդաճնշիչ զենք կրելու, անչափահասներին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«2023 թվականի հուլիսի 8-ին` ժամը 00:22-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Ջրվեժ գյուղում գտնվող ռեստորաններից մեկի մոտ անհայտ անձինք երեխաներին հրավիրել են ռեստորանից դուրս և նրանցից երեք հոգու գազային զենքով վնասվածքներ հասցրել:

Ահազանգով անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 334-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում երեք անչափահասները ճանաչվել են տուժող:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը, անձանական հարցերի պարզաբանման նպատակով, նախապես պայմանավորվածության համաձայն, անչափահասների և մի խումբ անձանց (նախնական տվյալներով՝ ևս անչափահասներ) միջև վիճաբանություն է սկսվել, ինչը վեր է ածվել ծեծկռտուքի։ Այդ ընթացքում անչափահասների հետ վիճաբանողներից մեկը, ավտոմեքենայից վերցնելով օդաճնշիչ ատրճանակը, կրակոցներ է արձակել նրանց ուղությամբ՝ երկուսին պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն։ Հոգեբանի և օրինական ներկայացուցիչների մասնակցությամբ տուժած անչափահասները հարցաքննվել են։ Վերջիններիս նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, սակայն նրանք հրաժարվել են ներկայանալ և ենթարկվել դատաբժշկական փորձաքննության:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, յուրաքանչյուրի գործողություններին իրավական գնահատական տալու, հանցագործության գործիք օդաճնշիչ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է հանձնարարություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվծկարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել