Նախագահ Խաչատուրյանն ու Եգիպտոսի դեսպանը մտքեր են փոխանակել Երևան-Կահիրե ուղիղ չվերթերի իրականացման հեռանկարների վերաբերյալ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին:

Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս նրա՝ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին գալիք ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ և մաղթել շարունակական զարգացում ու բարգավաճում:

«Խնդրում եմ իմ ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել նաև հարգարժան նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին»,- ասել է նախագահը և ցանկություն հայտնել, որ երկու երկրների ղեկավարությունն անի ամեն հնարավորը՝ հայ-եգիպտական դարավոր բարեկամությունն առավել ամրապնդելու և զարգացնելու նպատակով:

Դեսպան Սերենադ Գամիլը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար: «Սա, իրապես, մեծ պատիվ է մեզ համար, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում և արժևորում: Մեր նախագահի Հայաստան կատարած այցի ընթացքում մենք զգացինք այն պատմական հարաբերությունների խորությունը, որը առկա է մեր երկու երկրների ժողովուրդների, ինչպես նաև քաղաքական մակարդակում և բարձրաստիճան պաշտոնյաների միջև: Միևնույն ժամանակ, մենք շատ հպարտ ենք այն մեծ ուշադրության և հոգածության համար, որն ընձեռվում է հայ-եգիպտական հարաբերությունների խորացմանը: Շնորհակալություն ենք հայտնում այն ուշադրության համար, որ անձամբ Դուք ընձեռում եք այդ հարաբերություններին: Շնորհակալ ենք շնորհավորական ուղերձի և մեր նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին ողջույնի խոսքեր փոխանցելու համար»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խթանմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը: Շեշտվել է փոխայցելությունների դրական ազդեցությունը երկու երկրների տնտեսական ոլորտում և գործարար միջավայրում նոր հետաքրքրությունների առաջացման և կապերի սերտացման վրա:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Երևան-Կահիրե ուղիղ չվերթերի իրականացման հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է աշնանը նախատեսված հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը, որը կնպաստի հայ-եգիպտական համատեղ օրակարգի հարստացմանը:

Կարևորվել է Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, վերականգնվող էներգիայի, առողջապահության և այլ ոլորտներում արդյունավետ փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրականացմանն ուղղված ջանքերի խթանումը:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել