Երեք անձ է դանակահարվել․ սպանության փորձի, խուլիգանության, ավտոպատահարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

2023թ. հուլիսի 9-ին՝ ժամը 23:00-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:00-ին, տարբեր աստիճանի ծակած-կտրած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Սիսիան քաղաքի 28, 30 և 71-ամյա բնակիչներ:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Ահազանգի հիման վրա անմիջապես ձեռնարկվել են քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել են նշված անձանց մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը:

Մասնավորապես, նախնական տվյալներով, 2023թ. հուլիսի 9-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Սիսիան համայնքի Իսրայելյան և Խանջյան փողոցների խաչմերուկում 28-ամյա երիտասարդն իր վարած «Վազ 21043» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 72-ամյա համաքաղաքացու կողմից վարած «Նիսսան X-Trail» մակնիշի ավտոմեքենային, որից հետո նշված հատվածում վիճաբանություն է առաջացել երիտասարդի և այնտեղ հավաքված անձանց միջև:

Վիճաբանության ընթացքում դեպքի վայր է գնացել նաև երիտասարդի եղբայրը՝ վերոհիշյալ 30-ամյա տղամարդը, որտեղ շարունակվող վիճաբանության ընթացքում հավաքվածներից մեկը, խուլիգանական դրդումներով, կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել եղբայրներին, ինչպես նաև՝ դեպքի վայրում գտնվող և վիճաբանող կողմերին բաժանող 71-ամյա տղամարդուն՝ վերջիններիս պատճառելով կտրած-ծակած մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով /2 դրվագ/, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, առգրավվել է տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունը, վերցվել են տուժողների հագուստները և փորձանմուշներ։ Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական համալիր փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան, ինչպես նաև հանցագործության գործիքը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցներին տրվել է հանձնարարություն:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվծկարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու. հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Փաշինյանը՝ Կարապետյանին

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է չայցելել ՀՀ-ում Իրանի հյուպատոսություն, առևտրի կենտրոն, մզկիթ