ՔՊ կուսակցությունը Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատումը հռչակում է որպես առաջիկա ռազմավարական անելիք

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատումը հռչակեց որպես առաջիկա ռազմավարական անելիք:

Կուսակցության հռչակագրի նախագիծը ներկայացրեց ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝

– ապավինելով Հայաստանի Հանրապետության ժողովրդին,

– առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պետական շահերով,

– առաջնորդելով Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության ամրապնդման ՀՀ քաղաքացիների մղումը,

– վերլուծելով Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմությունը,

– հավատալով և հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության հարատևությանը ծառայելու իր պատմական առաքելությանը,

– ողջունելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղությունը,

– ապահովելու համար Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունը,

– ամրապնդելու համար ժողովրդի իշխանությունը,

– հենվելով Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա՝

ՀՌՉԱԿՈՒՄ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՌԱՋԻԿԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՆԵԼԻՔ

Այս նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը․

1․ 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրություններում Հայաստանի Հանրապետության Կառավարման իր մանդատը ևս 5 տարով երկարաձգելու հայցով դիմելու է ժողովրդին՝ ակնկալելով ձևավորել սահմանադրական մեծամասնություն:

2․ Ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։

3․ Հենվելու է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի և այդ տարածքը ներառող սահմանների թե՛ ներսից, թե՛ դրսից անձեռնմխելիության հայեցակարգի վրա։

4․ Ակտիվացնելու է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամագրվելուն ուղղված ջանքերը՝ դա չհակադրելով տարածաշրջանացման, ինչպես նաև հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությանը։

5․ Շարունակելու է բոլոր հարևանների հետ խաղաղություն և բարիդրացիություն հաստատելու՝ ժողովրդի կողմից ձևակերպված պատգամի իրագործումը, ջանքեր է գործադրելու խաղաղությունն ու բարիդրացիությունը շարունակաբար ինստիտուցիոնալ դարձնելու ուղղությամբ՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։

6․ Քաջալերելու է ապօրինի գույքի բռնագանձման, պետական և համայնքային շահերի պաշտպանության և դատավարական այլ գործիքներով ապօրինի գույքի վերադարձի մեկնարկած և հաջողությամբ ընթացող գործընթացը, խորացնելու է հակակոռուպցիոն պայքարը և զարգացնելու է հակակոռուպցիոն մեխանիզմները։

7․ Շարունակելու է ժողովրդավարական բարեփոխումները՝ ուժեղացնելով ժողովրդի իշխանությունը, ակտիվացնելով թափանցիկ, ներառական, մասնակցային և արդյունավետ կառավարման գործիքները, անկախ դատական համակարգի զարգացմանն ուղղված ջանքերը, ժողովրդավարական մյուս ինստիտուտների հետագա զարգացման և ուժեղացման գործընթացը։

8․ Խթանելու է կրթության և աշխատանքի միջոցով բարեկեցություն կառուցելու քաղաքացիների գործելակերպը, աջակցելու է կրթության բովանդակային բարեփոխումների և ֆիզիկական ենթակառուցվածքների նորացման քաղաքականությանը՝ ընդգծելով Ակադեմիական քաղաքի համակարգաստեղծ նշանակությունը։

9․ Խրախուսելու է ներառական, արտադրողական, ստեղծարար, ազատ և մրցակցային տնտեսական գործունեությունը, շարունակելու է քաջալերել ապաշրջափակման մեկնարկած գործընթացը և համակողմանի աջակցություն ցուցաբերել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ տնտեսական զարգացումը դիտարկելով որպես պետական շահ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերթական՝ 7-րդ համաժողովի պատվիրակները, ընդունելով սույն Հռչակագիրը, ծնկի են գալիս հայ ժողովրդի բոլոր ժամանակների բոլոր նահատակների առաջ՝ խաղաղությամբ, ինքնիշխանությամբ, տարածքային ամբողջականությամբ Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատումը համարելով նրանց հիշատակը ոգեկոչելու ամենապատկառազդու միջոցը և նրանց զոհողություններին մատուցված ամենաարժեքավոր տուրքը։

Փառք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին