Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետն ապօրինի օտարել է թիվ 147 մանկապարտեզը. դատախազը քրեական գործը հանձնել է դատարան

Դատախազը 2025 թվականի հուլիսի 28-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնելու եղանակով թիվ 147 մանկապարտեզն օտարած՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետ Ա.Ք.-ի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Քննչական կոմիտեում քննված վարույթով պարզվել է, որ Ա.Ք.-ն, ի պաշտոնե ունենալով համայնքի գույքը տնօրինելու լիազորություն, հանդիսանալով Երևան քաղաքի Դրոյի 21Ա շենքի 1-ին հարկի 141 քմ տարածքի՝ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարման պատասխանատուն, 2006 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրել է համայնքի ավագանու թիվ 86 որոշումը: Համաձայն այդ որոշման՝ համայնքային սեփականություն հանդիսացող մանկապարտեզի 141 քմ տարածքը, առանց գույքի գնահատման, 1 միլիոն 910 հազար 250 դրամով (1 քմ-ն՝ 13 հազար 500 դրամով) օտարվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերությանն, այն դեպքում, երբ գույքի իրական շուկայական արժեքը կազմել է 16 միլիոն 100 հազար դրամ:

2007 թվականի հունվարի 24-ին Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի՝ ի դեմս թաղապետ Ա.Ք.-ի և ՍՊ ընկերության տնօրենի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որով գույքը ՍՊ ընկերությանն է օտարվել 1 միլիոն 910 հազար 250 դրամով:

Արդյունքում, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետ Ա.Ք.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնելու եղանակով հափշտակել է ի պաշտոնե իրեն վստահված գույքը՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 14 միլիոն 189 հազար 750 դրամի վնաս:

2025 թվականի հուլիսի 25-ին Ա.Ք.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նույն օրը մեղադրյալ Ա.Ք.-ի վերաբերյալ գործն անջատվել է և 2025 թվականի հուլիսի 28-ին քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:

Գլխավոր դատախազությունն առաջիկայում, պետական (hամայնքային) շահերի պաշտպանության հայց կներկայացնի դատարան»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Քննարկվում է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը

Ձեզ պահեք կարգ ու կանոնով. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց. ընդդիմությունը լքեց դահլիճը

Ադրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա