Քանաքեռում 2021-ին տեղի ունեցած փոխհրաձգության գործով հետախուզվողը հայտնաբերվել է

Մայիսի 18-ին՝ կեսգիշերն անց, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի գործընկերների հետ իրականացրած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասի շենքերից մեկում հայտնաբերել ու ձերբակալել են Քրեական օրենսգրքի սպանության և ապօրինի կերպով զենք կրելու մեղադրանքներով 2021 թվականից հետախուզվող 29-ամյա մի երևանցու։ Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանությունից հիշեցրել են նաև դեպքի մանրամասները. 2021 թվականի նոյեմբերի լույս 11-ի գիշերը՝ ժամը 2.45-ից սկսած, մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգեր էին ստացվել, որ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է 6 անձ։ Նրանցից 61-ամյա Արտուշ Սիմոնյանն ու 38-ամյա Արթուր Բորյանը, գիտակցության չգալով, մահացել էին։

Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը պարզել էին, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են սպանվածներից Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 16 տանը։ Իրավապահները հիշյալ տան բակում հայտնաբերել էին՝ 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ, 4 տասնյակից ավելի պարկուճ։ Տան բակում էին նաև 43-ամյա Արթուր Ղազարյանի և 37-ամյա Արայիկ Խաչատրյանի դիերը։ Նրանք ստացել էին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։

Հայտնաբերված հետախուզվողը կալանավորվել է, նախաքննությունը շարունակվում է։

Related posts

Ավազակություն կատարած օտարերկրացիները ձերբակալվել են

ՔՊ վարչության հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից շինություններ