Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, ինչպես նաև Ֆրանսիայի տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մի շարք ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության օրակարգային հարցեր՝ մասնավորապես ուշադրության կենտրոնում պահելով ապակենտրոնացված գործընկերության խորացման անհրաժեշտությունը։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է այս օրերին անցկացվող Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ երկօրյա համաժողովի դերն ու նշանակությունը՝ այն որակելով որպես կենսունակ հարթակ՝ համայնքայն մակարդակում փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրագործման համար։

Անդրադառնալով Գորիսում Ֆրանսիայի նորաբաց պատվո հյուպատոսության գրասենյակին՝ ֆրանսիական պատվիրակության կողմից ևս ընդգծվել է, որ այն միտված է ոչ միայն դիվանագիտական ներկայության ամրապնդմանը, այլև՝ կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի ընդլայնմանը Սյունիքի տարածաշրջանում։

Սենատոր Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, հանդես գալով Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անունից, վերահաստատել է միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդման պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի օրենսդիր մարմինները շարունակելու են սատարել Հայաստանի ժողովրդավարական զարգացման գործընթացներին։

Կողմերն անդրադարձել են նաև կրթության, մշակույթի, շրջակա միջավայրի, տեղական ինքնակառավարման և տնտեսական զարգացման ոլորտներում գործակցությունը խորացնելու հնարավորություններին։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Ֆրանսիայի կառավարության, Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի ղեկավարության և բարեկամական խմբի՝ Հայաստանի հանդեպ դրսևորվող կայուն աջակցությունն ու համերաշխությանը՝ ընդգծելով, որ Հայաստան-ֆրանսիա հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների, պատմական բարեկամության և փոխադարձ վստահության վրա։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել