Վահե Ղազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը։ ՀՀ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ ողջունելով Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին՝ Վահե Ղազարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով տասնյակ հազարավոր մարդկանց Հայաստանի Հանրապետություն բռնագաղթելուց հետո տիրող իրավիճակը։ ՆԳ նախարարը խոսել է նաև Ներքին գործերի նախարարության ենթակա ծառայություններում բարեփոխումների մասին՝ առանձնացնելով հատկապես պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքների մեկնարկը։ Նա նշել է նաև ոստիկանական բնագավառում նախատեսվող օրենսդրական և գործառնական փոփոխությունները, որոնք նպաստելու են թե՛ ոստիկանության համար անհրաժեշտ երաշխիքների ձևավորմանը, թե՛ ոստիկանների կողմից քաղաքացիների իրավունքների պաշտպանության թափանցիկ և պատասխանատու գործելաոճին։ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ Կիմո Կիլյունեն և Բորիանա Աբերգը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր են գնահատել Ներքին գործերի նախարարության կատարած մեծ աշխատանքը՝ Լեռնային Ղարաբաղից բռնագաղթված շուրջ հարյուր հազար անձանց ընդունելու գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ։ Հանդիպմանը քննարկվել են նաև զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության գործողությունների, ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպերի քննության մասին հարցեր։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։

Related posts

Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է

Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը