Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հունիսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Նարեկ Տերյանը։

Ողջունելով հյուրին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Իրանի հետ ձևավորված սերտ համագործակցությունը վերջին շրջանում ավելի է ակտիվացել․ Հայաստան այցելած պատվիրակությունների հետ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ տնտեսության տարբեր ուղղություններով փոխգործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։

Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները հնարավորինս շուտ գործնական հիմքի վրա դնելու կարևորությունը։ Ի պատասխան՝ դեսպանը տեղեկացրեց, որ իրանական կողմն արդեն իսկ մշակել է համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհային քարտեզ ու ժամանակացույց, որոնցում սահմանվել են ծրագրերի առաջնահերթությունները։ Ճանապարհային քարտեզի և ժամանակացույցի առկայությունը թույլ կտա սեղմ ժամկետներում իրագործել հայ-իրանական համագործակցության օրակարգում ընդգրկված ծրագրերը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առևտրի, արդյունաբերության (այդ թվում՝ քիմիական արդյունաբերության), դեղագործության, զբոսաշրջության և այլ ոլորտներին առնչվող օրակարգային հարցեր, այդ թվում՝ հեռանկարային ծրագրերի իրականացմանը, ներդրումների ներգրավմանը, Հայաստանի և Իրանի միջև արտահանումների ու ներմուծումների արդյունավետ կազմակերպմանը։ Կարևոր համարելով երկկողմ համագործակցությունը դեղագործության ոլորտում՝ Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է հայկական դեղագործական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների աշխատանքային այցն Իրան՝ այս ոլորտում համագործակցության հնարավորությունները քննարկելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով։

Հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև միջմարզային համագործակցության զարգացմանը։ Երկուստեք նշվել է, որ երկկողմ համագործակցության արդյունավետ կազմակերպման պարագայում զգալիորեն կավելանան երկու բարեկամ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները և զբոսաշրջային հոսքերը։ Այս համատեքստում նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է Երևան-Սպահան ուղիղ չվերթների իրականացման անհրաժեշտությանը և նշել, որ ուղիղ չվերթի գործարկումը կնպաստի երկու ազգերի հարաբերությունների զարգացմանը։ Դեսպանն առաջարկել է իրանական համապատասխան կառույցի և Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ աշխատանքային խումբ ձևավորել, որը կմշակի միասնական տուրիստական փաթեթներ՝ Եվրոպայից զբոսաշրջիկներ ներգրավելու համար։

Աբբաս Բադախշան Զոհուրին տեղեկացրել է, որ իրանական շինարարական ընկերությունները հետաքրքրված են մասնակցություն ունենալ «Հյուսիս-հարավ ճանապարհի» Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման և վերականգնման ծրագրերում։ Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը ընդգծեց «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի կարևորությունը և հայտնեց պատրաստակամություն` իր լիազորությունների սահմաններում նպաստել նախագծի իրականացմանը։

Անդրադառնալով սույն թվականի մայիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրին՝ Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ նախարարությունն արդեն ձևավորվել է հուշագրի դրույթների իրագործման հարցերով աշխատանքային խումբ, որը գլխավորում է նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են հստակ քայլեր ձեռնարկել տնտեսության զարգացմանը նպաստող և երկու երկրների ու ժողովուրդների շահերից բխող համատեղ նախագծերի մշակման և արդեն իսկ գործող ծրագրերի շուտափույթ իրականացման ուղղությամբ։

Related posts

ՊԵԿ նախագահը՝ շրջհարկի փոփոխությունների առնչությամբ քաղաքացիների դժգոհությունների մասին

Լոս Անջելեսում միգրացիոն քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վերաճել են լարված բախումների

Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են