Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան էլ լավ առաջ չի գնում. Պեսկով

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան էլ լավ առաջ չի գնում՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան կցանկանար ավելի մեծ դինամիկա տեսնել այդ հարցում: Նրա համոզմամբ՝ «առաջ շարժվելու համար» երկու կողմն էլ պետք է համապատասխան ազդակներ տան։

«Մենք հետաքրքրված ենք հարաբերությունների կարգավորմամբ և հուսով ենք, որ արդյունքի կհասնենք»,- շեշտել է ռուս պաշտոնյան: Ինչ վերաբերում է Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպմանը՝ Դմիտրի Պեսկովը նշել է, որ այդ ուղղությամբ առարկայական քննարկումներ չեն տարվում:

Կրեմլի խոսնակն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը, վստահեցրել՝ Մոսկվան հավատարիմ է կարգավորման խաղաղ գործընթացին և կանի հնարավորը՝ պաշտպանելու Ռուսաստանի շահերը:

«Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է»,- ընդգծել է Պեսկովը։

Նա հավելել է՝ ռուսական կողմն ի գիտություն է ընդունել Թրամփի հայտարարությունը, որ իրեն այլևս այnքան էլ չի հետաքրքրում Պուտինի հետ հանդիպումը, իսկ Վաշինգտոնը հակամարտությունը լուծելու համար 50-օրվա փոխարեն արդեն 10-12 օր է տալիս Մոսկվային:

Պեսկովը մեկնաբանել է Կիևի հայտարարությունը, որ ՌԴ զինված ուժերը հարվածել են Զապորոժիեի մարզի գաղութին, ինչի հետևանքով մի քանի տասնյակ մարդ է զոհվել և վիրավորվել:

Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ դա միտումնավոր է արվել:

«Ռուսական բանակը չի հարվածում քաղաքացիական թիրախներին: Հարվածներ են հասցվում միայն ռազմական և կիսառազմական ենթակառուցվածքներին»,- հակադարձել է Դմիտրի Պեսկովը։

Related posts

Քննարկվում է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը

Ձեզ պահեք կարգ ու կանոնով. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց. ընդդիմությունը լքեց դահլիճը

Ադրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա