«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար

2021թ. հունիսի 26-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի բնակիչը ընտրակաշառք է տվել նույն համայնքի Գլաձոր բնակավայրի մի բնակչուհու, որպեսզի վերջինիս ընտանիքի անդամները 2021թ. հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ քվեարկեն «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում 2021թ. հունիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ քննչական ենթակայության՝ քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուների ցուցակում ընդգրկված Գ.Ա.-ն 2021թ. հունիս ամսվա ընթացքում ծնողների հետ այցելել է իր ընտանիքի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող՝ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում հաշվառված, բնակվող և ընտրելու իրավունք ունեցող Ա. Վ.-ի տուն, վերջինիս և նրա ընտանիքի անդամներին հայտնել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով որպես պատգամավորի թեկնածու իր առաջադրվելու մասին և խնդրել կայանալիք ընտրություններում քվեարկել 6-րդ համարի քվեաթերթիկում նշված դաշինքի օգտին: Միաժամանակ, նպատակ ունենալով ընտրության արդյունքների ամփոփման, այն է՝ քվեաթերթիկների հաշվարկի ընթաքցքում ստուգել նշված անձանց կողմից «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկելու հանգամանքը՝ առաջարկել է ընտրված քվեաթերթիկի վերին աջ անկյունային հատվածը ծալելու, այնուհետև ուղղելու միջոցով, թողնել այդ փաստը հաստատող՝ ծալվածքի տեսքով հատուկ նշան, ինչի մասին հետագայում կրկին հայտնել է հեռախոսազրույցի ընթացքում:

Այնուհետև՝ 2021թ. հունիսի 17-18-ն ընկած ժամանակահատվածում՝ ժամը 18-19-ի սահմաններում, Գ. Ա.-ն միայնակ գնացել է Ա. Վ.-ի տան բակ և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար վերջինիս առձեռն տվել 20.000 ՀՀ դրամ կաշառք:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի բնակիչ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գ Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Վարույթ իրականացնող մարմնի որոշմամբ Գ. Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել ստորագրություն չհեռանալու մասին:

Պատշաճ դատախազական հսկողության պայմաններում ձեռնարկվում են միջոցներ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, դեպքին առնչվող այլ անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան