Շմոլ գազից թունավորմամբ 7 երեխա տեղափոխվել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում ապրիլի 12-ին և 13-ին հոսպիտալացվել են տարբեր ընտանիքներից 7 երեխաներ: Այս մասին նշված է հիվանդանոցային համալիրի պաշտոնական կայքում:

Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանի փոխանցմամբ՝ շմոլ գազի հետևանքով վատացել է նրանց ինքնազգացողությունը և, համապատասխան բուժօգնություն ստանալով այլ բուժհաստատություններում, տեղափոխվել են համալսարանական կլինիկա:
4 երեխա թունավորվել է մեկ ընտանիքից, 2 երեխա՝ մեկ, իսկ 1 երեխա՝ մեկ այլ ընտանիքից:

Համալսարանական մասնագետների կողմից որոշվել է երեխաների թունավորման մակարդակը, նշանակվել է հիպերբարիկ օքսիգենացիա:
Բուժման արդյունքում նրանց մոտ գրանցվել է դրական դինամիկա, և նրանք դուրս են գրվել համալսարանական հիվանդանոցից:

Շմոլ գազով թունավորման հիմնական պատճառը մեծ քանակներով վերջինիս ներշնչումն է: Թունավորման նախնական ախտանշաններն են՝ գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, փսխումներ, ուշագնացություն, այդ պատճառով շատ հաճախ հնարավոր է շփոթել սննդային թունավորումների կամ գրիպի հետ:
Ծանր թունավորումից կարող են տուժել նյարդային համակարգը, գլխուղեղը, վնասվել ուղեղի կեղևի նեյրոնները, կարող են առաջանալ ցնցումներ, սրտի ռիթմի խանգարումներ, անգամ սրտի կանգ:

Տնային պայմաններում առաջին բուժօգնության հիմնական պայմանը տուժածին այդ միջավայրից արագ հեռացնելն ու հիվանդանոց տեղափոխելն է: Եթե թունավորման մակարդակը շատ բարձր է, ապա այս դեպքում ցուցված է թթվածնի մատակարարումը կատարել բարոխցիկում՝ ճնշման տակ, ինչի շնորհիվ լավացումն ավելի արագ տեղի կունենա:

Related posts

ՀՀ ԱԺ հերթական նիստ. ուղիղ

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող երեք հողամասերը համայնքին վերադարձնելու վերաբերյալ Դատախազության հայցերը դատարանի կողմից բավարարվել են

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում