Շիրակում հնագիտական պեղում­ները հնարավորություն են տալիս հետևել Ք.ա. 9-8-րդ դդ տեղի ունեցած ռազմական տեղաշարժերին

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատողները Գերմանիայի Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի գործընկերների հետ պեղումներ են իրականացրել Ջրաձորի ամրոց-բնակավայրում: Արդյունքում բացահայտվել են որոշակի համա­դրե­լի իրողություններ Շիրակի՝ Ք.ա. IX-VIII դդ. իրարից հեռու տեղադրված բնակա­վայ­րերում:

«Ջրաձորի N 5 կացարանի տափանված հատակի վրա բացվել են սաջ և աղորիք­ներ: Նույն տե­ղում հայտնաբերվել է հոր՝ լցված Ք.ա. IX-VIII դարերին բնորոշ առար­կա­նե­րով: Պատկերը նույնն է Ազա­տանի ամրոցի պարսպին հարող համաժամանակյա կացարա­նում և Շիրակավանի ամրոցում:

Նման ընդհանրություն­ների առ­կա­յությունը տար­բեր հուշար­ձաններում թույլ է տալիս եզրակաց­նել, որ Ք.ա. VIII դ. երկու ամրոցները և բնակավայրերը են­թարկվել են հարձակման: Եթե Ազա­տանի բնա­կավայ­րում այն արտահայտվել է խոշոր հրդե­հով, ապա Ջրաձորի ամրոց-բնա­կա­վայրում և Շիրակավանի ամրոցում հայտնա­բերվել են ուրարտական ջարդված և ծռված զենքեր, պարսպի մեջ մտած նե­տասլաքներ:

Այս իրողու­թյուն­ների համա­դրումը Շիրակում գտնվող ուրարտական երկու արձանագրությունների տվյալների հետ թույլ է տալիս դիտարկել ուրարտական զորքերի հյուսիսից հարավ-արևելք և հարավ-արևմուտք, այնուհետև Ախուրյան գետի ավազանով դեպի Արարատյան դաշ­տ շարժման ուղ­ղությունները»,- ասում է գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Հայրապետյանը: Ըստ նրա՝ Ջրաձորի և Ազատանի պեղում­ներով հնարավորություն է ստեղծվել հետևել Շիրակում Ք.ա. IX-VIII դարերում տեղի ունեցած քաղաքական, ռազմական տեղաշարժերին։

Ուրարտուի արքա Արգիշտի Ա-ի օրոք դեպի Էրիախի երկիր կատարված ռազմական գործողությունների երթուղին ըստ գրավոր աղբյուրների նշմարվում էր, սակայն բացակայում էին դրանց հնագիտական հիմնավորումները։ «Շիրակի Ք.ա. 1-ին հազարամյակում տեղի ունեցած ռազմաքաղաքական իրադրության հետազոտությունը հնարավորություն է տալիս հետևել Ուրարտական պետության ընդարձակման տրամաբանությանը։ Այս առումով, բացի հնագիտական նշանակությունից տվյալներ են կուտակում նաև ուրարտագիտության համար»,- նշում է Արմեն Հայրապետյանը:

Ջրաձորի հուշարձանի հնագիտական հետազոտությունները սկսվել են «Շիրակի պաշտպանական կառույցների հետազոտություն» թեմատիկ ծրագրի շրջանակներում: Այնուհետև արշավախումբը գործել է Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի և Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի արշավախմբի համատեղ ֆինանսավորմամբ։ Ջրաձորի և Ազատանի ամրոց-բնակավայրերի պեղումների արդյունքների մասին հոդվածներ, հաղորդումներ են տպագրվել հայկական և արտասահմանյան պարբերականներում։

ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Related posts

Ռուսաստանի նավթագազային բիզնեսից եկամուտները նվազել են ավելի քան մեկ երրորդով. Reuters

Հանցավոր խմբի անդամներն իրացրել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ՝ կատարելով 84 մլն դրամի փողերի լվացում. ՔԿ

Ռուսական բանակը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ անօդաչու թռչող սարքերով և բալիստիկ հրթիռներով. РБК-Украина