Այս տարվա հունիսին նավթի և գազի վաճառքից ՌԴ եկամուտները նվազել են մինչև վերջին 2,5 տարվա ամենացածր ցուցանիշը: 2024 թվականի նույն ամսվա համեմատ դրանք կրճատվել են 33,7 տոկոսով՝ մինչև 494,8 մլրդ ռուբլի (5,3 մլրդ եվրո), նշված է հինգշաբթի՝ հուլիսի 3-ին հրապարակված Ռուսաստանի ֆինանսների նախարարության զեկույցում։ Մայիսի համեմատ դա 3,5 տոկոսով պակաս է, գրում է Reuters-ը:
Այս կրճատման պատճառները նավթի ցածր գներն ու ավելի ամուր ռուբլին են։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում էներգետիկ բիզնեսից ստացված եկամուտները կրճատվել են գրեթե 17%- ով՝ մինչև 4,47 տրիլիոն ռուբլի:
Ինչպես նշում է Reuters գործակալությունը, էներգակիրների վաճառքից Ռուսաստանի եկամուտները նվազում են Ուկրաինայում պատերազմի ծախսերի կտրուկ աճի ֆոնին: ՌԴ կառավարությունն այս տարվա ռազմական ծախսերն ավելացրել է մինչև ՀՆԱ-ի 6,3 տոկոսը՝ ամենաբարձր ցուցանիշը սառը պատերազմի ժամանակներից ի վեր: Դրանք կազմում են 2025 թվականի պետբյուջեի ծախսերի ընդհանուր ցուցանիշի 32 տոկոսը։
Նավթի և գազի վաճառքից ստացված եկամուտները Ռուսաստանի պետական բյուջեի համալրման ամենակարևոր աղբյուրն են՝ կազմելով բյուջետային բոլոր մուտքերի մոտ մեկ քառորդը: