Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել անկանխիկ շրջանառության ծավալի ավելացման ծրագրերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԱՍՀՆ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և փոխնախարարները ներկայացրել են ըստ ոլորտների կատարված աշխատանքները։

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրերի մասով զեկուցվել է, որ ընթացիկ տարում մեկնարկել և շարունակվում է երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության ծրագիրը (մինչև երեխայի 6 տարեկան լրանալը), շարունակվել են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերը։

2023 թ. հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կնշանակվի նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերին. աշխատանքի վերադառնալիս ևս վճարում կկատարվի նպաստի 85 տոկոսի չափով՝ ներկայիս դադարելու փոխարեն։ Մշակվում է Ժողովրդագրության ռազմավարությունը, որը կներկայացվի 2023 թ. փետրվարին։

Կենսաթոշակային ապահովության ոլորտում աճում է անկանխիկ շրջանառության ծավալը․ կենսաթոշակների շուրջ 77 տոկոսը վճարվում է անկանխիկ եղանակով։

2023-ից՝ 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում, իսկ 2024 թ.-ից՝ բոլորը (բացառությամբ 75 տարեկանից բարձր և հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցողների), կենսաթոշակը կստանան անկանխիկ եղանակով: 2022 թ. միջին կենսաթոշակը 43.500 ՀՀ դրամից դարձել է 46.200, նվազագույնը՝ 26.500 ՀՀ դրամից 31.600։ Մեկնարկել է կենսաթոշակի և նպաստի 10 տոկոս հետվճարի միջոցառումը. կենսաթոշակային քարտեր սպասարկող 4 բանկ միացել է նախաձեռնությանը, որոնց ծածկույթը անկանխիկ վճարումներում կազմում է ավելի քան 60 տոկոս։ Նոյեմբեր ամսվա տվյալներով՝ շուրջ 60.000 շահառու իր կենսաթոշակից (նպաստից) ծախսերի 66 տոկոսը կատարում է անկանխիկ։

Սոցիալական երաշխիքների ոլորտում՝ մշակվել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի խմբագրված նախագիծը, որը թույլ կտա հասցեական արձագանքել կարիքներին և ընդլայնել ծառայությունների տեսակները։ Աղքատության փուլային հաղթահարման նպատակով շուրջ 300 շահառու (յուրաքանչյուրը) ստացել է մինչև 1.6 մլն ՀՀ դրամ բիզնես դրամաշնորհ, գործարկվել են սոցիալական շտապօգնության մեխանիզմների և սննդային քարտերի տրամադրման պիլոտային ծրագրերը։ Մշակվել են անապահովության գնահատման նոր բանաձևը և հայեցակարգի նախագիծը:

Աշխատանքի և զբաղվածության ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ 2023 թ. հունվարի 1-ից կբարձրանա նվազագույն ամսական աշխատավարձը՝ 68.000 ՀՀ դրամի փոխարեն այն կկազմի 75.000 ՀՀ դրամ։

Ընթացքի մեջ են Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները. նախատեսվում է 266 հոդվածից փոփոխել 125-ը։ Հաջորդ տարում նախատեսվում է շրջանառել զբաղվածության ռազմավարությունը։ 2022թ. սեզոնային զբաղվածության ապահովման ծրագրից օգտվել է 1179 քաղաքացի, արցախցիների համար աշխատանքային փորձի ձեռքբերման և վարձատրվող հասարակական աշխատանքների միջոցառումից՝ 326 անձ, 2016թ. և 2020թ. ռազմական գործողությունների մասնակիցների զբաղվածության ապահովման ծրագրից՝ 276 անձ։

Ընթացիկ տարում շարունակվել է սոցիալական ծառայությունների տրամադրումը խոցելի խմբերին՝ երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց, թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց։ Առաջիկայում նախատեսվում է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդնում, որը թույլ կտա իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում և տրամադրել անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայություններ:

Հաշվետվության ներկայացումից հետո քննարկում է ծավալվել ժողովրդագրության, կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության, զբաղվածության, սոցիալական խնամքի ծառայությունների, նաև մյուս ուղղություններով ընթացիկ արդյունքների ու հետագա անելիքների շուրջ: Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է առաջիկայում ներկայացվելիք Ժողովրդագրության ռազմավարության մեջ արտացոլել այն միջոցառումները, որոնք միտված կլինեն մինչև 2050 թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությամբ բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելու նպատակադրմանը: Վարչապետը նաև նշել է ծնելիության խրախուսմանը և ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջգերատեսչական քաղաքականությունների համադրելիության կարևորությունը:

Կենսաթոշակային ապահովության ոլորտի մասով՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել անկանխիկ շրջանառության ծավալի ավելացման և կենսաթոշակառուի զբաղվածության ապահովման ուղղությամբ ծրագրերը:

Վարչապետն անդրադարձել է աղքատության հաղթահարման պետական ծրագրերին և հանձնարարել դրանցում պարտադիր նախատեսել կրթական բաղադրիչ, քանի որ աղքատության մշակույթի հաղթահարման բանաձևը նախևառաջ կրթությունն է:

Աշխատանքի խրախուսմանն ուղղված միջոցառումների շարքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև կամավոր աշխատանքի ոլորտի օրենսդրական կարգավորումը, որը կնպաստի մարդկային կապիտալի զարգացմանը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է ակտիվ հանրային իրազեկում և մշտադիտարկում իրականացնել ԱՍՀՆ բարեփոխումների ու ծրագրերի վերաբերյալ:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան