ՄԻԵԴ-ը հրապարակել է Մարտի 1-ի գործով վճիռը․ ՀՀ իշխանությունները խախտել են զոհված քաղաքացիների կյանքի իրավունքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ին հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ Մարտի 1-ի ինը զոհերի գործով վճիռը՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության կողմից մի շարք խախտումներ։

Ըստ դատարանի միաձայն որոշման՝ բացի Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից, մյուս բոլոր զոհերի դեպքում հաստատվել է, որ պետության գործողությունները հանգեցրել են կյանքի իրավունքի խախտման։

Մասնավորապես, արձանագրվել է, որ Հայաստանի իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ և լիարժեք քննություն զոհերի մահվան հանգամանքների վերաբերյալ։ Վճռում արձանագրվել է նաև Եվրոպական կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում, որը վերաբերում է պետության պարտավորությանը՝ համագործակցել դատարանի հետ։

Ըստ որոշման՝ յուրաքանչյուր դիմումի շրջանակում զոհվածների հարազատներին պետք է վճարվի 30 հազարական եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Բացի դրանից՝ դատարանը որոշել է դիմումատուներին ընդհանուր հատկացնել ևս 35 հազար եվրո՝ դատական ծախսերի և վճարների համար։

Այսպիսով՝ ՄԻԵԴ-ը հաստատել է, որ Հայաստանի իշխանությունները խախտել են զոհված քաղաքացիների կյանքի իրավունքը և չեն ապահովել արդարացի քննություն՝ պարտավորեցնելով պետությանը՝ ֆինանսական փոխհատուցում վճարել տուժած ընտանիքներին։

Related posts

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու

Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան Դոհայում՝ երեքշաբթի

Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ