ՀՀ ՄԻՊ-ը ֆրանսիական պատվիրակության անդամներին է ներկայացրել ադրբեջանական հարձակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները

Հոկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ֆրանսիացի պաշտոնատար անձանց, լրագրողների ու իրավաբանների պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում Պաշտպանն ընդունել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանին, Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Սեբաստիեն Դելոգուին, ֆրանսիացի գրող, հրապարակախոս Սիլվեն Տեսսոնին, «Ֆիգարո» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին, Revue des Deux Mondes-ի գլխավոր խմբագիր Վալերի Թորանյանին, փաստաբան Ֆրանսուա Դեվեջյանին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նախ պատասխանել է պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին:

Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի սահմանամերձ մարզերում առկա իրավիճակը, սեպտեմբերի 13-15-ը ադրբեջանական հարձակման հետևանքով առաջացած ու շարունակվող հումանիտար խնդիրները:

Տեղեկացրել է, որ հաստատությունը օրեր առաջ հրապարակել է զեկույցներ, որտեղ հստակ վերլուծված են ադրբեջանական ագրեսիայի հետևանքները՝ զոհված զինծառայողների մարմինների անդամահատումներ, խոշտանգումներ, քաղաքացիական բնակչության թիրախավորում, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորում, ծայրահեղ ատելության խոսքի շարունակվող դրսևորումներ և այլն:

Տեղեկացրել է, որ տարհանված անձանց մի մասը չի վերադարձել իրենց տներ, քանի որ դրանց մեծ մասն ավերվել է:

Քրիստիննե Գրիգորյանը խոսել է ռազմագերիների, ինչպես նաև գերությունից վերադարձած հայ զինծառայողների մասին, նշել, որ նրանք գտնվում են Պաշտպանի ուշադրության կենտրոնում. վերադարձած անձանց հետ Պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունենում:

Գրիգորյանը խոսել է ադրբեջանական հայատյաց քաղաքականության մասին, ներկայացրել այդ քաղաքականության համակարգային բնույթն ու պետության կողմից հովանավորումն ու խրախուսումն ապացուցող օրինակները:

Պաշտպանը խոսել է նաև մինչ սեպտեմբերյան հարձակումը, դեռևս օգոստոսին Տավուշի և Գեղարքունիքի մարզեր այցելությունների և փաստահավաք աշխատանքների մասին, ներկայացրել արձանագրված փաստերը, այդ թվում՝ սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչության ահաբեկման ու իրավունքների խախտումների օրինակների մասին:

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Պաշտպանին կատարվող աշխատանքի համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ