Փաշինյանը և Բլինքենն ընդգծել են Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Վարչապետը բարձր է գնահատել սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքների վերացմանը միտված ամերիկյան կողմի ջանքերը և կարևորել այդ ուղղությամբ հետևողական քայլերը: Կողմերն ընդգծել են ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքներին: Կարևորվել է ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև սահմանազատման աշխատանքների իրականացման ու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ապահովումը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովմանը վերաբերող հարցերի:

Վարչապետն իր տպավորություններն է կիսել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման վերաբերյալ:

Էնթոնի Բլինքենը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ առաջիկայում ևս նպաստելու բանակցային գործընթացին ու Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը:

Related posts

Ուկրաինական դրոնները շարունակում են հարձակումները Ռուսաստանի նավթաքիմիական օբյեկտների վրա

Վարչապետի ուշադրության կենտրոնում են Գյումրու ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը. Շիրակի մարզպետ

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել