ՀԱՊԿ անդամ պետությունների փոխարտգործնախարարների հանդիպմանը ՀՀ ԱԳ փոխնախարարը շեշտել է Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ Հայաստանի տարածքը լքելու անհրաժեշտությունը

ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում hոկտեմբերի 7-ին Երևանում կայացան «բարձր մակարդակի խմբի» ձևաչափով անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների տեղակալների խորհրդակցություններ՝ Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի նախագահությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀԱՊԿ Քարտուղարության և միացյալ շտաբի պատվիրակությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորությամբ։

Հանդիպման մեկնարկին փոխնախարար Սաֆարյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, շեշտել ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։

Նախարարի տեղակալն ընդգծել է Ադրբեջանի կողմից իրականացված հայ ռազմագերիների սպանությունների, խոշտանգումների, պատերազմական այլ հանցագործությունների հստակ հասցեական դատապարտման անհրաժեշտությունը և կարևորել հանցագործներին պատասխանատվության ենթարկումը, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը։

Խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են ՀԱՊԿ օրակարգում առկա մեկ տասնյակից ավելի հարցեր, նախանշվել դրանց մասով հետագա աշխատանքը։

Անդրադարձ է կատարվել նաև նոյեմբերին Հայաստանում նախատեսվող ՀԱՊԿ գագաթնաժողովի և դրան նախորդող կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստի անցկացման հարցերին։

Related posts

ՊԵԿ նախագահը՝ շրջհարկի փոփոխությունների առնչությամբ քաղաքացիների դժգոհությունների մասին

Լոս Անջելեսում միգրացիոն քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վերաճել են լարված բախումների

Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են