Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից․ «Ազատություն» ռադիոկայան

Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելու շուրջ։

«Ազատություն ռադիոկայանի» տրամադրության տակ են դիվանագիտական փաստաթղթեր, որոնք վկայում են՝ Եվրամիությունը նախատեսում է Երևանին 10 միլիոն եվրո հատկացնել, որը պետք է ծախսվի 30 ամսվա ընթացքում։

Գումարը, ըստ փաստաթղթի, պետք է տրամադրվի մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը կներառի նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։

«Այս աջակցության նպատակն է նպաստել, որ Հայաստանի զինված ուժերը բարձրացնեն դիմադրողականությունն ու կայունության հաստատմանն ուղղված կարողությունները, և դրանով իսկ առավել լավ պաշտպանեն խաղաղ բնակչությանը՝ ճգնաժամերի և արտակարգ պատահարների ժամանակ», – ասված է փաստաթղթում։

Եվրամիության այս հիմնադրամը ստեղծվել է 2021-ին։ Նպատակն է միջոցներ տրամադրել, որոնցով կգնվեն ոչ մահաբեր զինատեսակներ կամ կարողություններ՝ աշխարհի տարբեր ծայրերում խաղաղությանը նպաստելու, հակամարտությունները կանխելու և միջազգային անվտանգությունն ամրապնդելու համար։

Related posts

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում

Արարատ Միրզոյանը և Սինգապուրի ԱԳ նախարարը քննարկել են համագործակցության զարգացման ուղղությունները