Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև փոխգործակցության հարցեր

Փետրվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:

Ձևավորված արդյունավետ համագործակցության հետագա խորացման համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ տարբեր ոլորտային ուղղություններով համագործակցության հնարավորությունների առավելագույնս իրացման կարևորությունը:

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների հետ շարունակական ակտիվ երկխոսության միջոցով: Նախարար Միրզոյանն ընդգծել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով՝ սկսած ժողովրդավարական բարեփոխումներից մինչև ենթակառուցվածքների զարգացում ու դիմակայունության ամրապնդում, փոխգործակցության և ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը:

Տարբեր ձևաչափերով փոխգործակցության ընդլայնման համատեքստում Արարատ Միրզոյանը և Կեստուտիս Բուդրիսը գոհունակությամբ ընդգծել են Նորդիկ-բալթյան երկրների հետ Հայաստանի համագործակցության զարգացման ակտիվ դինամիկան և մտքեր փոխանակել հետագա ծրագրերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ու տարածաշրջանային զարգացումների: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման հարցում Հայաստանի ամուր քաղաքական կամքը:

Related posts

Պետությունը խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար 10,000 դրամի չափով կսուբսիդավորի սպանդանոցին

Վերջին օրերին տարբեր ուղղություններով կրակոցներ են լինում. ԵԿՄ նախագահ

Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի