Հայաստանի կառավարությունը պլանավորում է ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին․ Արմեն Գրիգորյան

Հայաստանում նախատեսվում է ստեղծել արտաքին հետախուզական մարմին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում ունեցած ելույթում:

Գրիգորյանը ՆԳՆ ստեղծումը, բարեփոխումները դիտարկեց անվտանգության համակարգի կոնտեքստում: «ՀՀ կառավարությունը ԱԺ-ի մեր քաղաքական թիմի հետ 3 ուղղությամբ լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում: Դրանցից մեկը Ոստիկանության բարեփոխումներն են, մյուսը՝ ՊՆ-ի, ԶՈՒ բարեփոխումները: Այս բարեփոխումների համատեքստում մենք պլանավորում ենք ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին: Եվ անվտանգության խորհրդի գրասենյակն արդեն գործընկերների հետ քննարկումներ է սկսել այս նոր կառույցի ձևավորման համար: Ոստիկանության բարեփոխումները այս լայն կոնտեքստում պետք է դիտարկել: Դրա հիմքում դրված է նաև ժողովրդավարական կոնցեպտը»,-ասաց Գրիգորյանը:

Նա ընդգծեց, որ կառավարությունը 2018 թվականից սկսած սկսել է անվտանգության ոլորտի ժողովրդավարացման գործընթաց, ինչը կարևոր է անվտանգության, կայունության և կարողությունների ավելացման տեսանկյունից:

Ընդհանուր անվտանգության համակարգի տեսանկյունից նա կարևոր համարեց Ոստիկանության և ԱԻՆ-ի գործառույթների՝ մեկ նախարարության մեջ համատեղումը:

«Անվտանգության խորհրդի նիստերին, օրինակ, հաճախ լինում են թեմաներ, որոնք առնչվում են ԱԻՆ-ին, ԱԻՆ-ի գործառույթներ, որոնք առնչվում են պաշտպանությանը: Անվտանգության խորհրդում ԱԻՆ-ը ներկայացված չէր: Բայց այժմ այսպիսի բարեփոխումներով նաև արդյունավետություն է ստեղծվում, քանի որ ՆԳ նախարարը, որպես նաև արտակարգ իրավիճակների ոլորտում քաղաքականությունը և գործառույթները համակարգող մարմին, հնարավորություն կունենա ներգրավված լինելու ԱԽ-ում քաղաքականության մշակման գործընթացում և  հարցերը լուծելու մասով»,-ասաց ԱԽ քարտուղարը:

Նա կարծում է, որ ընտրված ճանապարհը՝ փոխկապակցել ոստիկանության բարեփոխումներն այլ ոլորտների հետ, արդյունավետությունը բարձրացնել, շատ դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի ժողովրդավարացման գործընթացի վրա: «Մեր հավատամքն է, որ Հայաստանի կառավարման բոլոր ոլորտներում ժողովրդավարացումը կենսունակ նշանակություն ունի մեր պետության համար: Մենք շարունակելու ենք այս ուղղությամբ շարժվել»,-եզրափակեց Գրիգորյանը:

Հայաստանում Ներքին գործերի նախարարության ստեղծմամբ կմիավորվեն 3 կառույցներ՝ Ոստիկանությունը, ԱԻՆ Փրկարար ծառայությունը և Միգրացիոն ծառայությունը:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան