Ցավոք, ռազմագերիներն ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում կտտանքների և խոշտանգումների. Վլադիմիր Վարդանյան

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում: Պատգամավորն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Շնորհակալություն, պարո՛ն նախագահող:

Տիկնա՛յք և պարոնա՛յք, ռազմագերի լինելը պատիժ չէ: Դա պարզապես ռազմական միջոց է՝ կանխելու համար տվյալ անձանց հետագա մասնակցությունը ռազմական գործողություններին, կանխարգելու նրանց հետագա վերադարձը ռազմադաշտ:

Ցավոք, այն իրավիճակը, որին այսօր բախվում ենք, հավասարեցնում է ռազմագերիներին հանցագործների կարգավիճակին: Մենք հավասարեցնում ենք ռազագերիների ճամբարները քրեակատարողական հիմնարկներին: Եվ, ցավոք, ռազմագերիներն ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում կտտանքների և խոշտանգումների:

Սա ամբողջովին խարխլում է Ժնևյան կոնվենցիայի տրամաբանությունը, խարխլում է միջազգային մարդասիրական իրավունքի էությունը, որի համաձայն՝ զինվորին գերելը սոսկ նրա վերադարձը մարտադաշտ կանխելն է:

Իսկ երբ մենք խոսում ենք ռազմագերիների մասին, երբ խոսում ենք գերիների փոխանակման մասին, պետք է չմոռանանք, որ պատերազմական գործողությունների ավարտից հետո բոլոր ռազմագերիները պետք է հայրենադարձվեն: Ռազմագերիների հայրենադարձման անհիմն ձգձգումն ինքնին միջազգային հանցագործություն է:

Բայց, ավելին՝ Ժնևյան կոնվենցիաները, միանշանակ, սահմանում են, որ որոշ կատեգորիայի ռազմագերիներ պետք է հայրենադարձվեն, նույնիսկ ռազմական գործողությունների ընթացքում: Դրանք են՝ անդամալույծները, հոգեկան հիվանդություն կամ լուրջ առողջական խնդիրներ ունեցողները: Այս կատեգորիան պետք է ազատ արձակվի նույնիսկ ռազմական գործողությունների ժամանակ:

Տիկնա՛յք և պարոնա՛յք, այս զեկույցը մենք օգտագործում ենք որպես հիշեցում այն մասին, որ միջազգային մարդասիրական իրավունքը դեռ գործում է: Եվ ցանկանում եմ եւս մեկ անգամ հիշեցնել բոլոր ավտորիտար ղեկավարներին, որ միջազգային քրեական իրավունքում, մարդկության դեմ ուղղված հանցագործություններն ու ռազմական հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն:

Շնորհակալություն»:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից