Համահայկական ձմեռային երկրորդ խաղեր. առաջին չեմպիոններն Աշոցքից են

Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամները Ջերմուկում ընթացող Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում նվաճել են առաջին ոսկե մեդալները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Տղամարդկանց ազատ ոճում հաղթողի կոչմանն արժանացել է Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Սպարտակ Ոսկանյանը, եռյակը եզրափակել է Թադևոս Պողոսյանը: Երեք մարզիկներն էլ Աշոցքից են:

Կանանց ազատ ոճում առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի բազմակի չեմպիոն Կատյա Գալստյանը Աշոցքից: Երկրորդ տեղում Վասելինա Խաչատուրյանն է Սոչիից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ռոզա Սիմոնյանը Գյումրիից:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ծրագրում առաջին անգամ ընդգրկվել է ձնամարտը, որի մրցումներին մասնակցում են 18 թիմեր Ապարանից, Վիեննայից, Լիբանանից, Թալինից, Թբիլիսիից, Կրասնոդարից, Թեհրանից, Մասիսից ու մի շարք այլ քաղաքներից:

Խաղերի շրջանակում մեկնարկել են նաև շախմատի մրցումները, որոնց, ընդհանուր առմամբ, մասնակցում են 210 շախմատիստներ: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի շախմատի մրցաշարում տարիքային սահմանափակում չկա: Մասնակիցներն ուժերն են չափում արագ շախմատում, որի մրցաշարը բաղկացած է 9 տուրից:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին մասնակցում է 1348 մարզիկ՝ 18 պետության 88 քաղաքից: Առաջին խաղերին, որոնք կայացել էին 2014 թվականին Ծաղկաձորում, մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում ընդգրկված են հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, շախմատի, ձնամարտի և սպորտային պարերի մարզաձևերը: Մի քանի մարզաձևերի` սնոուբորդի, լեռնադահուկի և հոկեյի մրցաշարերը կանցկացվեն Ապարանի տարածաշրջանում և Երևանում:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կավարտվեն փետրվարի 7-ին:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից