Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում առերևույթ խախտումներ են հայտնաբերվել

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարագրի հիման վրա ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչությունը «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում իրականացրել է ուսումնասիրություն: Ուսումնասիրվել են Հիմնադրամի իրականացրած գնման գործընթացները, հաշվարկված և աշխատակիցներին վճարված աշխատավարձը, Հիմնադրամին և Հայաստանի Հանրապետությանը պատկանող, սեփականություն հանդիսացող գույքերի կառավարման օրինականությունն և արդյունավետությունը, ինչպես նաև ուսուցման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերը:

Ծառայության իրականացրած ուսումնասիրության արդյունքում փաստական տվյալներ են ստացվել՝ Հիմնադրամի թվով 25 աշխատակիցների՝ ՀՀ-ից բացակայելու պայմաններում աշխատավարձ ստանալու, թվով 12 ուսանողների՝ ՀՀ-ից բացակայելու և փաստացի դասընթացներին չմասնակցելու պայմաններում տրված ավարտական դիպլոմների, Հիմնադրամի տրանսպորտային միջոցի վառելիքի ամսական ծախսի մասին հաշվետվություններում ներառված՝ իրականությանը չհամապատասխանող տվյալների, Հիմնադրամի հաշվեկշռից դուրս գրված և ուղղակի վաճառքի եղանակով օտարված տրանսպորտային միջոցի և Հիմնադրամի նախկին ռեկտորի՝ առանց Հոգաբարձուների խորհրդի որոշման իրեն հատկացված լրավճարների վերաբերյալ:

Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար, որից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, 441-րդ հոդվածի 1-ին մասի և 445-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

Related posts

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Ռադիկ Մարտիրոսյանի հիշատակին

Գլխավոր դատախազը՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին դատարանի ներկայացրած գույքային և դրամական պահանջի մասին