Թուրքիայի խորհրդարանը Բայդենի ուղերձը դատապարտող հայտարարություն է արել

Թուրքիայի «Պաշտոնական թերթում» (Resmi Gazete) հրապարակվել է Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) գլխավոր խորհրդի որոշումը, որը դատապարտում, մերժում և առ ոչինչ է համարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությունը:

Նշենք, որ ապրիլի 27-ին մեջլիսի լիագումար նիստում քվեարկության է դրվել մեջլիսի նախագահ Մուստաֆա Շենթոփի ստորագրությունը կրող հայտարարությունը:

Հայտարարությանը կողմ են քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ), «Գորշ գալերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP), ազգայնական ուղղվածության «Լավ» (İyi) կուսակցությունը և գլխավոր ընդդիմադիր, քեմալիստական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP): Հայտարարությանը դեմ է քվեարկել միայն ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP):

«Մենք ափսոսանքով և խստագույնս դատապարտում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ 2021թ. ապրիլի 24-ի արած հայտարարությունը, որում առկա են 1915թ. իրադարձությունների վերաբերյալ հայկական լոբբիի պնդումները, ինչպես նաև խստագույնս մերժում ենք այն անհիմն զրպարտությունները, որոնք այլ բան չեն նշանակում, քան քաղաքական դրդապատճառներով պատմության խեղաթյուրում: ԱՄՆ նախագահի կողմից արված այս հայտարարությունը, որն իրավասու չէ դատել պատմական հարցերը, մենք համարում ենք առ ոչինչ»:

Նշվում է նաև, որ 106 տարի անց նման «անպատասխանատու հայտարարություն անելու պատճառն այն է, որ ԱՄՆ վարչակազմը ենթարկվում է  հայկական լոբբիստական ուժերի ճնշմանը»:

«Պատմական փաստերի հետ անհամատեղելի այս հայտարարությունը տրամաբանորեն չբացատրվող և անպատասխանատու քայլ է, որը ոչ մի նպաստ չի բերում ժողովուրդների մերձեցմանը»,- նշված է խորհրդարանի հայտարարության մեջ։ Այնուհետև անդրադարձ է կատարվում 2005թ. համատեղ պատմաբանների հանձնաժող ստեղծելու և աշխարհի առաջ արխիվները բացելու, 1915թ. իրադարձություններն ուսումնասիրելու առաջարկին:

Բացի այդ, հիշեցման կարգով ներկայացվում է ՄԻԵԴ-ի 2015 և 2017թթ. վճիռները, փորձ անելով ցույց տալ, որ պատմական բանավեճից այն կողմ հնարավոր չէ որևէ իմաստ վերագրել «1915թ. դեպքերին»:

«Ցեղասպանությունը միջազգային իրավունքի հայեցակարգ է, որի շրջանակը ծայրաստիճան հստակ է, և դրա օգտագործումը հիմնված է շատ կոնկրետ պայմանների վրա»,- նշվում է հայտարարության մեջ և Բայդենի արարքը գնահատվում որպես  իրավական և բարոյական անպատասխանատվության օրինակ։

Խորհրդարանի պատգամավորների մեծամասնության համոզմամբ, Բայդենի հայտարարությունը նպաստելու է ժողովուրդների բևեռացմանը, արմատական-ծայրահեղական շրջանակների օրակարգին և ատելության խոսքի խրախուսմանը:

Մեջլիսը կոչ է արել ԱՄՆ նախագահին շտկել «իր այդ սխալը», աջակցել տարածաշրջանի ժողովուրդների, մասնավորապես թուրք և հայ ժողովուրդների խաղաղության, կայունության և վստահության մթնոլորտում ապրելու ջանքերին և հետ կանգնել ընդունած որոշումից, որն անխուսափելիորեն բացասաբար է ազդելու թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում