Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որտեղ իր պատրաստակամությունն է հայտնել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման աջակցմանը։ Այդ մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 12-ին, հայտարարել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։

Ֆրանսիայի առաջնորդը նաև ողջունել է հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության կայունացնող ազդեցությունը, որի տեղակայման մասին որոշումը ձեռք էր բերվել հոկտեմբերի 6-ին Պրահայում Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քառակողմ հանդիպման ժամանակ։ Ելիսեյան պալատը նաև հայտարարել է, որ Էմանուել Մակրոնն ու Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Թունիսում՝ ֆրանսախոս երկրների գագաթնաժողովի շրջանակներում։

Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ալիևը Մակրոնին կարևորել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում չեզոքության և բալանսավորված մոտեցման կարևորությունը․ «Նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում չեզոք, անաչառ և բալանսավորված մոտեցման ցուցադրման կարևորությունը»։

Ըստ այդ հաղորդագրության՝ Ալիևը նաև նշել է, որ վերջին օրերին հայկական կողմի հայտարարությունները «հակասում են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղ օրակարգին»։

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին