Արթուր Սարգսյանը հրաժարվեց պատասխանել պատգամավորների հարցերին. դահլիճը լքելուց առաջ հրմշտոց սկսվեց

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման ժամանակ՝ պատգամավորի ելույթի ավարտին, Արթուր Սարգսյանը հայտարարեց, որ որոշել է պատգամավորների հարցերին պատասխանելու փոխարեն գնալ իր 4 անչափահաս երեխաների և կնոջ հետ եկեղեցի՝ մոմ վառելու, որից հետո կներկայանա քննչական մարմնին:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Եթե ճիշտ եմ հասկանում՝ պարոն Սարգսյանը հրաժարվում է հարցերին պատասխանելուց: Հասկանալի որոշում է»:

Այդ ընթացքում դահլիճը լքող Արթուր Սարգսյանի և պատգամավորների միջև լեզվակռիվ սկսվեց, որը վերածվեց հրմշտոցի: Ռուբինյանն ընդմիջում հայտարարեց:

Կարճ ընդմիջումից հետո ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մեկնաբանեց տեղի ունեցածը. «Քիչ առաջ պարզ դարձավ, թե ինչ նպատակ ունի ընդդիմության կողմից իրավիճակն անընդհատ սրելը, և Արթուր Սարգսյանը, այստեղ ելույթ ունենալով և տարբեր տեսակի որակումներ տալով, իրեն մեղսագրվող հանցագործությունների վերաբերյալ որևէ պարզաբանում չտալով, ուղղակի հրաժարվեց պատգամավորների հարցերին պատասխանել, որոնք միտված էին նրան, որ մեզ համար պարզ դառնա, հասկանալի դառնա, թե ինչ գործունեություն է ծավալել, որի արդյունքում տիկին գլխավոր դատախազը դահլիճում է և մեզանից հայցում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու, ինչպես նաև կալանքի ենթարկելու թույլտվություն:

Պարզ է, որ, ենթադրաբար, այդ հարցերը պատասխաններ չունեին, որոնք մեզ կբավարարեին, և պարոն Սարգսյանը լքեց այս ամբիոնը: Տարբեր տեսակի արտահայտություններ անելով՝ փորձեց դուրս գալ դահլիճից, որին, իհարկե, էմոցիոնալ արձագանք ստացվեց պատգամավորների կողմից: Ես խրախուսում եմ հանգիստ քննարկումը»:

Հակոբ Արշակյանը նաև կարծիք հայտնեց, թե ընդդիմադիր պատգամավորներին ծանոթ չեն դեմոկրատական հանգիստ խորհրդարանին վայել քննարկումները:

«Նրանք ամեն կերպ փորձելու են դուրս բերել հունից պատգամավորներին, փորձելու են խորհրդարանի աշխատանքը խանգարել, փորձելու են ամեն կերպ պրովոկացիաների ենթարկել, սակայն ՀՀ-ն սուվերեն, ինքնիշխան, դեմոկրատական երկիր է, և մենք պետք է առաջնորդվենք այդ արժեքներով: Թույլ չպիտի տանք, որ Հայաստանում նորից հնարավոր լինի պետության և պետականության դեմ տարբեր տեսակի ոտնձգություններ անել, այդ թվում՝ այս դահլիճում»,- ասաց նա:

Ավարտելով ելույթը՝ Հակոբ Արշակյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց:

Related posts

ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում և ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը անհետաձգելի քննչական գործողություններ են իրականացվում

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Մահացած է հայտնաբերվել պաշտոնանկ արված Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը. BBC