Էլմիրա Կարապետյանը, բալիկին սպասելով, հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ․ Անդրեասյան

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է դարձել։ Օդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևում Կարապետյանը, հաղթահարելով որակավորման, ապա կիսաեզրափակիչ փուլերը, եզրափակչում մրցել է Հունգարիայի ներկայացուցիչ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորի հետ և 12:15 հաշվով զիջել մրցակցին՝ բավարարվելով արծաթե մեդալով:

«Ուրախ եմ և ոգևորված: Արդյունքից էլ եմ գոհ: Հետաքրքիր մրցակցություն էր: Հունգարիայի ներկայացուցիչը շատ լավ կրակեց: Լարվածություն չկար, պարզապես լավ մրցակցություն էր: Շատ ուրախ և հպարտ եմ, որ Երևանում կարողանում ենք այսպիսի առաջնություն հյուրընկալել: Առաջին անգամ, երբ մտել եմ հրաձգարան, առաջինը հարցրել եմ՝ ինչո՞ւ մենք չեն ընդունում միջազգային մրցաշարեր: Ինձ համար շատ կարևոր էր այս մրցմանը մեդալ նվաճելը»,- նշել է Էլմիրա Կարապետյանը:

Էլմիրա Կարապետյանը դարձել է Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն: Նա Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի ոսկե մեդալակիր:

Այս հաղթանակին անդրադարձել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ գրելով․

«Էլմիրա Կարապետյանը, բալիկին սպասելով, հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ։ Սա վառ վկայություն է, որ եթե կանայք մի բան նպատակադրում ու ջանք են դնում, հաջողում են։
Իսկ հրաձգության Եվրոպայի առաջնությանը մեր հավաքականը արդեն չորս ոսկի մեդալ է նվաճել, վեց արծաթ։ Շնորհավորում եմ»։

Related posts

Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

50-ից ավելի խուզարկություններ. 37 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 25 անձ ձերբակալվել է. ՔԿ

Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ