Զինծառայող Գրանիկ Խնկոյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետին

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն առերևույթ կատարել է հրապարակավ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ` համածառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:

«Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր` 2023 թ․ օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրանիկ Խնկոյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ գտնվելով ընկճված հոգեվիճակում՝ Գրանիկ Խնկոյանը 2023 թ․ օգոստոսի 11-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում իրեն ամրակցված ինքնաձիգով արձակել է կրակահերթ և ինքն իրեն պատճառել հրազենային մահացու վնասվածքներ, ինչի հետևանքով տեղում մահացել է:

Օգոստոսի 15-ին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Թ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և նրան ներկայացվել է մեղադրանք: Ա․Թ․-ն ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար։

Միջնորդություն է ներկայավել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին, որը դատարանի կողմից բավարարվել է մասնակի և Ա.Թ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում