Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել կառուցողական դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում

Եվրոպական խորհրդարանը մայիսի 7-ի լիագումար նիստի ընթացքում քվեարկության է դրել և հաստատել Թուրքիայի վերաբերյալ զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր դերակատարմանը։  Զեկույցին կողմ է քվեարկել 367, դեմ 74, ձեռնպահ՝ 188 պատգամավոր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զեկույցով Եվրոպական խորհրդարանը աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հաշտեցման, բարիդրացիական հարաբերությունների, տարածաշրջանային կայունության և անվտանգության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման շահերից ելնելով, և ողջունում է մինչ այժմ գրանցված առաջընթացը։ Եվրախորհրդարանականները ողջունում են երկու երկրների միջև կապերի վերականգնման շարունակական ջանքերը, կոչ են անում Թուրքիային արագացնել Թուրքիայի և Հայաստանի կառավարությունների հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, ինչպիսիք են օդային տարածքի և սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Զեկույցը ողջունում է Սիրիային մարդասիրական օգնություն փոխանցելու նպատակով Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը։

ԵԽ պատգամավորները հույս են հայտնում, որ այս զարգացումները կարող են խթան հանդիսանալ Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման համար՝ այդ թվում անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից, և ընդգծում են ԵՄ-ի շահագրգռվածությունն այս գործընթացին աջակցելու հարցում։ Զեկույցը խրախուսում է Թուրքիային կառուցողական դերը խաղալ տարածաշրջանային կայունության խթանման գործում՝ աջակցելով Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացի շուտափույթ ավարտին, մասնավորապես, Ադրբեջանի վրա իր ազդեցությունն օգտագործելով և Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության դեմ հնարավոր հետագա ռազմական գործողությունները կանխելով։

Զեկույցը հերթական անգամ կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ որպես Թուրքիայի և Հայաստանի ժողովուրդների միջև իրական հաշտեցման ճանապարհ հարթելու միջոց, և լիարժեք հարգել հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու իր պարտավորությունները։

Ըստ զեկույցում տեղ գտած կետերի՝ Եվրոպական միությունը շարունակում է ճանաչել Թուրքիան որպես ԵՄ անդամակցության թեկնածու երկիր, սակայն ընդգծում է, որ բանակցությունները փաստացի կանգ են առել 2018 թվականից՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների խաթարման վերաբերյալ լուրջ մտահոգությունների պատճառով։ Զեկույցում նշված է, որ թեպետ Թուրքիան հայտարարում է ԵՄ-ին ինտեգրվելու իր հանձնառության մասին, այն քիչ առաջընթաց է գրանցել հիմնական արժեքներին ու չափանիշներին համապատասխանեցման հարցում՝ հատկապես դատական անկախության, խոսքի ազատության և հիմնարար իրավունքների հարգման ոլորտներում։ Զեկույցում ասվում է, որ Թուրքիան գրանցել է որոշ տնտեսական բարեփոխումներ, սակայն ընդգծվում է ժողովրդավարության հետընթացի շարունակական միտումը։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ