Հատկապես վերջին տարիներին անչափահասների ներգրավմամբ և անչափահասների կողմից սառը զենքով կատարվող հանցագործությունների հետ կապված մտահոգիչ իրավիճակներ ունենք: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին:
«ԿԳՄՍՆ-ի գործընկերների հետ մենք պլանավորել ենք դպրոցներ ստուգայցեր, համայնքային ոստիկանության տեսուչներն իրականացնում են պարբերաբար այցելություններ դպրոցներ, և իրականացվում է արգելված առարկաների հայտնաբերման պրոցես ևս:
Ունենք նաև օրենսդրական փաթեթ, որտեղ հնարավորություն կտանք սահմանելու այն արգելված իրերի և առարկաների ցանկը, որը պետք է հստակ լինի, որ հետագայում զննության, խուզարկության պրոցեսում կարողանանք հենց այդ ցուցակով առաջնորդվել:
Մենք նաև մշակել ենք օրենսդրական նախաձեռնություն, որը, հուսով եմ, կհասցնենք մինչև ամառային արձակուրդ ԱԺ բերել և քննարկել. խոսքը վերաբերում է անչափահասներին փականներով տարբեր փոքր դանակների վաճառքի արգելքի կարգավորմանը: Եվ հուսով եմ, որ նմանատիպ արգելքի նախատեսման պայմաններում մենք կգնանք ավելի շատ կանխարգելման վրա շեշտը դնելու ուղղությամբ և կկարողանանք այս տեսանկյունից ևս որոշակի արդյունքներ ունենալ»,- նշեց նախարարը: