ԵՄ-ում միասնական չեն ռուսական նավթի էմբարգոի հարցում․ Reuters

Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչներն այսօր չեն կարողացել համաձայնության գալ ռուսական նավթի ներկրման էմբարգոյի հարցում։ Reuters գործակալության տվյալով՝ Ֆրանսիայում մեկնարկած բանակցությունները կշարունակվեն մայիսի 5-ին։

Հակառուսական պատժամիջոցների 6-րդ փաթեթի շրջանակում Եվրոպան նախատեսում է աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթից, սակայն կան բացառություններ։

Հունգարիան և Սլովակիան կշարունակեն Ռուսաստանից նավթ գնել մինչև 2023 թվականի վերջ, քանի որ նավթի էմբարգոն հիմա կարող է ոչնչացնել այդ պետությունների տնտեսությունը: Ռուսական էներգառեսուրսից դեռևս չեն կարող հրաժարվել նաև Չեխիան և Բուլղարիան։

Լեհաստանը և Գերմանիան հանդես են գալիս ռուսական հումքի էմբարգոյի օգտին։ Բեռլինի կախվածությունը ռուսական նավթից վերջին երկու ամսում նվազել է՝ 35-ից հասնելով 12%-ի։

«Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել․ հեշտ չի լինելու: ԵՄ որոշ երկրներ մեծապես կախված են ռուսական նավթից»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Պատժամիջոցների նոր փաթեթով նախատեսված են նաև այլ սահմանափակումներ։ Առաջարկվում է արգելել Ռուսաստանի քաղաքացիներին և ընկերություններին անշարժ գույք վաճառել կամ փոխանցել Եվրամիության տարածքում, կսահմանափակվի պետական երեք հեռարձակողի գործունեությունը։ Պատժամիջոցների թիրախում կարող են հայտնվել նաև պատրիարք Կիրիլը և Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ կապ ունեցող զինվորականները։

Related posts

Ադրբեջանական ոստիկանության անպատժելիության գինը

«Արդեն տարօրինակ չէ, որ Ռոբերտ Քոչարյանի շրջապատում գտնվող իրավաբանները, նրա պատգամավորները կեղծում են»․ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՌԴ նախագահին