ԵՄ-ում միասնական չեն ռուսական նավթի էմբարգոի հարցում․ Reuters

Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչներն այսօր չեն կարողացել համաձայնության գալ ռուսական նավթի ներկրման էմբարգոյի հարցում։ Reuters գործակալության տվյալով՝ Ֆրանսիայում մեկնարկած բանակցությունները կշարունակվեն մայիսի 5-ին։

Հակառուսական պատժամիջոցների 6-րդ փաթեթի շրջանակում Եվրոպան նախատեսում է աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթից, սակայն կան բացառություններ։

Հունգարիան և Սլովակիան կշարունակեն Ռուսաստանից նավթ գնել մինչև 2023 թվականի վերջ, քանի որ նավթի էմբարգոն հիմա կարող է ոչնչացնել այդ պետությունների տնտեսությունը: Ռուսական էներգառեսուրսից դեռևս չեն կարող հրաժարվել նաև Չեխիան և Բուլղարիան։

Լեհաստանը և Գերմանիան հանդես են գալիս ռուսական հումքի էմբարգոյի օգտին։ Բեռլինի կախվածությունը ռուսական նավթից վերջին երկու ամսում նվազել է՝ 35-ից հասնելով 12%-ի։

«Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել․ հեշտ չի լինելու: ԵՄ որոշ երկրներ մեծապես կախված են ռուսական նավթից»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Պատժամիջոցների նոր փաթեթով նախատեսված են նաև այլ սահմանափակումներ։ Առաջարկվում է արգելել Ռուսաստանի քաղաքացիներին և ընկերություններին անշարժ գույք վաճառել կամ փոխանցել Եվրամիության տարածքում, կսահմանափակվի պետական երեք հեռարձակողի գործունեությունը։ Պատժամիջոցների թիրախում կարող են հայտնվել նաև պատրիարք Կիրիլը և Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ կապ ունեցող զինվորականները։

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ