Գորիսի համայնքապետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավին մասնակցել հարկադրելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատարը, օգտագործելով Գորիս համայնքապետարանի ենթակայության ներքո գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ վերահսկողական լիազորություններ ունենալու հանգամանքը, 2021թ. հունիսի 8-ին զանգահարել և պարտադրել է համայնքային ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենին՝ անձամբ և աշխատակիցների հետ մասնակցել 2021թ. հունիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 8-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք նախընտրական քարոզչությանը: Այնուհետև, նշված ուսումնական հաստատության տնօրենը և մի քանի աշխատակիցներ համայնքային իշխանության մարմինների կողմից ոչ բարեհաճ վերաբերմունքին չարժանանալու համար, հարկադրված մասնակցել են հիշյալ դաշինքի կողմից կազմակերպված հանրահավաքին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան