Բացահայտվել է պետական դավաճանության հերթական դեպքը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ընդգրկուն և համադրված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով ՀՀ ՊՆ համար N զորամասի պայմանագրային զինծառայող՝ դասակի հրամանատար, ի պաշտոնե հնարավորություն ունենալով առնչվելու պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և փաստաթղթերի հետ, «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակից հանդիսացող անձի հետ և հավաքագրվելով վերջինիս կողմից, իր օգտահաշվով 2022 թվականի հունվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում կապի մեջ է գտնվել նրա հետ, որի ընթացքում վարձատրության դիմաց վերջինին հանձնել է իր զորամասի վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տարբեր փաստաթղթեր, որոնք պարունակել են տեղեկություններ մարտական դիրքերի անվանումների, կապի անցկացման ուղիների, գումարտակի հրամանատարական դիտակետերի, միջդիրքային հեռավորությունների, դրանց կահավորվածության և այլնի վերաբերյալ՝ այդ կերպ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության կատարելով պետական դավաճանություն:

 

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ քաղաքացին ձերբակալվել է, տվել խոստովանական ցուցմունք: Նրան ներկայացվել է մեղադրանք և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է զինծառայողներին՝ զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց և նրանց ռազմական բնույթի տեղեկություններ փոխանցելուց:

 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից