Արարատ Միրզոյանը ԵՄ երկրների դեսպաններին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպական միության խորհրդի քաղաքական և անվտանգային հարցերով կոմիտեի պատվիրակությանը։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, ողջույնի խոսքում Արարատ Միրզոյանը գոհունակությամբ արձանագրել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների էական խորացմանը միտված գործընթացը՝ ընդգծելով, որ այն ներառում է ինչպես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շարունակական իրականացումը, այնպես էլ դրանից անդին հնարավորությունների լավագույնս օգտագործումը: Հարաբերությունների զարգացման այս դինամիկայի համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման տնտեսական բաղադրիչին: Վերջինիս ներքո նախարար Միրզոյանը շեշտել է Տնտեսական ու ներդրումային պլանի ուղենիշային նախաձեռնությունների կյանքի կոչման ու նոր՝ «Հայաստանի դիմակայունության և աճի» ծրագրով ընձեռվող հնարավորությունները: Կարևոր նախագծերի շարքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ առաջընթացի ապահովմանը։

Վկայակոչելով Եվրոպական խորհրդարանում 2023 թ. դեկտեմբերին ՀՀ վարչապետի ելույթը՝ նախարար Միրզոյանը հավելել է. «Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և մենք կառաջնորդվենք այդ ձգտումներով:»

Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային հարցերին՝ Արարատ Միրզոյանը ԵՄ անդամ երկրների դեսպաններին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Ընդգծելով ՀՀ պատրաստակամությունն օգտագործել խաղաղության հասնելու հնարավորությունը՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ դա ենթադրում է խաղաղության պայմանագրում առանցքային հարցերի շուրջ փոխհամաձայնության արձանագրում՝ մասնավորապես 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության ճանաչման փոխադարձ վերահաստատում և սահմանազատում:

Տարածաշրջանում տնտեսական զարգացման ապահովման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման կարևորությունը՝ որպես այդ հարցում ՀՀ շահագրգռվածության դրսևորում հիշատակելով ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Նախարարը պատասխանել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության, Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ ներկաների հարցերին:

Կայացել է մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Related posts

Վարդապետյանը՝ ահաբեկչության փորձի բուն գործողությունների ժամանակագրության մասին

Երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն. Շվեդիայի դեսպանը՝ Արմեն Գրիգորյանին

Կայացավ Աշոտ Մխիթարյանի անվան 6-րդ հուշամրցաշարը