Վարդապետյանը՝ ահաբեկչության փորձի բուն գործողությունների ժամանակագրության մասին

Եթե հասցրել եք նայել ամբողջական ապացույցները, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների վերծանումը, կտեսնեք, որ տարբեր ժամանակահատվածներ են քննարկվում: Քննարկվում է վարչապետի վերադարձին ընդառաջ օդանավակայան փակելը, քննարկվում է մայիսին գործողություններ իրականացնելը, բայց բուն գործողությունների վերաբերյալ քննարկումները, ըստ նրանց խոսակցությունների, պլանավորվում էր սեպտեմբերին, կապվում էր եկեղեցական տոնի և աշխատանքային օր լինել-չլինելու հետ: Այդ մասին Ազգային ժողովի՝ հուլիսի 7-ի նիստին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցին, թե «պնդումներ, սպեկուլյացիաներ կան», որ հարցը վերաբերել է 2024 թվականին:

Աննա Վարդապետյանը ընդգծեց՝ խոսքը 2024 թվականի փետրվարից մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածում իրականացված գործողոթյունների մասին է, այսինքն՝ գործողությունները վերաբերում են տևական ժամանակահատվածում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառմանը և պլանավորված գործողություններին:

Ռուբինյանի ճշտող հարցին՝ ներկայացված միջնորդագրում որ թվականի մայիս և սեպտեմբեր ամիսների գործողությունների մասին է խոսքը, Աննա Վարդապետյանը պատասխանեց՝ 2025 թվականի:

ԱԺ փոխնախագահը նաև հիշեցրեց՝ Վազգեն Գալստանյանը բազմիս հրապարակային հայտարարել է, որ շփվել է օտարերկրյա ուժային կենտրոնների հետ, որոնք իրեն հորդորել են ՀՀ-ում իշխանություն փոխել, որովհետև հակառակ դեպքում «տարբեր վատ բաներ կլինեն Հայաստանի հետ», ապա այս համատեքստում հետաքրքրվեց՝ այս հանգամանքը գործի շրջանակում քննվո՞ւմ է: Աննա Վարդապետյանը պատասխանեց՝ դրանք գործի վարույթով ստուգման փուլում են:

«Եթե ուշադրություն դարձրել եք, և՛ մամուլում շրջանառված, և՛ ձեզ ներկայացված փաստաթղթերում հեռախոսային խոսակցությունների վերծանումներում կան որոշակի տվյալներ արտաքին ազդեցության կամ որոշակի այլ երկրների անձանց հետ շփումների մասով, բայց դրանք դեռ պետք է քննության առարկա դառնան»,- ասաց նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ոչ ճիշտ տեղեկություն է տալիս. «Մի ձայնագրություն կա: 2024 թվականի օգոստոսի 12-ին ոտքի վրա խոսում են՝ Խաչվերացի տոնին զանգվածային բան անեն, ուրիշ որևէ ձայնագրությունում չկա՝ Խաչվերացի տոնին ինչ-որ բան անելու մասին»:

Արձագանքելով Գեղամ Մանուկյանին՝ Վարդապետյանը նշեց, թե վերջինս ասում է՝ ուղղակի անմեղ զրույց է եղել ինչ-որ գաղափարների շուրջ, բայց դրանք, ըստ գլխավոր դատախազի, տևել են 8 ամսից ավելի, ունեցել են հստակ ժամանակացույց:

«Կոնտեքստից կտրված խոսքերը փորձել մասնատել ու ասել, որ եթե հիմա ասեմ՝ կտամ կսպանեմ…, չէ՞, եթե ուղղակի կոնտեքստից կտրված ասեք՝ կտամ կսպանեմ, որևէ հիմք չկա ձեզ մեղադրանք առաջադրելու, բայց այն ամբողջ կոնտեքստը, որ ներկայացված է մեղադրանքի մեջ, ուղղակի բառ չէ, քննարկում է, պլանավորում է և կոնկրետ ներդրում է ընդհանուր ծրագրի մեջ»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին: Նիստի շրջանակում քննարկվելու է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիրը:

 

Related posts

Արարատ Միրզոյանի վրա կատարված մահափորձի դրվագով դեռ նոր անձինք են հայտնաբերվում. Վարդապետյանը մանրամասնում է

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա և առաջացող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական դաշտում. Պեսկով

Կարևոր է Ուկրաինայի չեզոք և ոչ միջուկային կարգավիճակը. Լավրով