Որևէ իրավական նորմ չեք կարող նշել, որ ես՝ որպես նախարար, գործել եմ ծառայողական շահերին հակառակ: Որպես նախարար՝ իմ պարտականությունն է կանխարգելել կամ նվազեցնել ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ բացասական տեսքով դրսևորվող: Կանխարգելումը վերաբերում է շինարարության կասեցմանը: Իմ կառավարման շրջանում չի եղել ապօրինի շինարարություն: Ես փորձել եմ նվազեցնել և նվազեցրել եմ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը. դա վերաբորւմ է ոչ միայն Սևանին, այլև բնության հատուկ տարածքներին: Այդ մասին իր եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, որի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիր է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազը:
«Հերքում եմ և պնդում եմ՝ շրջակա միջավարի վրա ազդեցության գնահատականը կամ փորձաքննությունը չէր պահանջվում մրցույթի ժամանակ հաղթողին ճանաչելու համար: Դա պահանջվում էր այն ժամանակ, երբ կներկայացվեր շինարարության նախագիծ՝ քանդման թույլտվությունով, որում պետք է անցներ թե՛ քաղաքաշինական, թե՛ շրջակա միջավայրի վրա ազդեցության ամբողջական փորձաքննությունը…
Երկրորդ, գինը, որ որոշվել է մրցույթի արդյունքներով, ամբողջությամբ ենթակա էր [վճարման] և վճարվել է ազգային պարկին:
Չորրորդ, շրջակա միջավայրի վրա ազդեցության բացասական դրսևորումները, ինչպես կոյուղին և այլ դրսևորումներ Սևանա լիճ թափելը, կանաչ տարածքներ ապահովելը, դրանք եղել են այս փաթեթի կարևոր պայմաններից մեկը»,- ասաց նա:
Մինասյանը նաև կարծիք հայտնեց, թե իրեն մեղադրում են, որ բյուջեն փողով է ապահովել, որ ապահովել է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցում:
«Մոռացե՛ք ազգանունները, Օհանյանին մոռացե՛ք: Որպես նախարար՝ իմ գործողությունների մեջ ո՞րն է իրավաչափ: Դուք սա գնահատեք»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ վիրավորական է, և որ 30 տարուց ավելի լինելով պետական ծառայության մեջ՝ նման «ցածրակարգ իրավական մտածողությամբ մեղադրանք» չէր հանդիպել:
ՀՀ գլխավոր դատախազը եզրափակիչ ելույթի ժամանակ արձագանքեց. «Արծվիկ Մինասյանը խոսում է այն մասին, որ մեր մեղադրանքն իրեն վիրավորում է, չի խոսում այն մասին, որ, որպես նախարար, պարտավոր էր անել մի քայլ՝ պաշտոնական գրությամբ, պաշտոնական որևէ փաստաթղթով պատկան մարմիններին տեղեկացներ, որ ազգային պարկում առկա է ինքնակամ կառույց: Վերջակետ:
Դրա փոխարեն օգտագործել օրենքում առկա բոլոր կարգավորումները, որն ինքն է նենգափոխված ներկայացնում հիմա (դրա մասին հետո կխոսենք, եթե ԱԺ-ն որոշում կայացրեց և մեղադրանք առաջադրեց), խոսում է [այն մասին], որ, որպես նախարար, պարտավոր չէր իրականաությանը համապատասխանող տեղեկություն ներկայացնել Կառավարությանը, և ինձ ասում է ներկայացրեք մի փաստաթուղթ, որի հիման վրա պարտավոր էի ասել, որ բնության հատուկ պահպանվող տարածքի վրա կա ինքնակամ կառույց:
Օրենքը գրվում է ողջամտության կանխավարկածով: Օրենքն ասում է, որ բնության հատուկ պահպանվող տարածքի վրա չի կարող լինել ինքնակամ կառույց, և հակառակի մասին պետք է նախարարը ներկայացնի: Նախարարը դրա համար է այդ պաշտոնում:
Եկեք մի պահ պատկերացնենք՝ ի՞նչ կլիներ, եթե Արծվիկ Մինասյանը այս փաթեթը չներկայացներ Կառավարություն: Ասեմ՝ ինչ կիներ: Գույքը կշարունակեր մնալ ապօրինի: Երբ պարոն Մինասյանը գեղեցիկ բառապաշարով ասում է՝ ես նվազեցրել եմ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, ինքն իրականում այլ բան պիտի ասի, պիտի ասի՝ ես օրինականացրել եմ ապօրինին: Երբ ասում ենք՝ օրինականացրել է ապօրինին, չի նշանակում միայն սեփականության իրավունք, նշանակում է տիրապետման, տնօրինման ցանկացած ձևաչափ»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է ՀՀ գլավոր դատախազի միջնորդություններըը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Նիստի շրջանակում քննարկվելու է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը: