Ադրբեջանի որոշումը կարևոր նշանակություն ունի խաղաղության օրակարգի առաջմղման գործում. ՀՀ փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին: Նա պատասխանել է «Արմենպրես»-ի հարցին՝ բարձր գնահատելով Ադրբեջանի և Ղազախստանի իր գործընկերների ներդրած ջանքերն ու այդ ուղղությամբ իրականացված աշխատանքը։

– Պարոն Գրիգորյան, ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի ուղղությամբ բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման վերաբերյալ հայտարարությունը:

– Ինչ խոսք, ուրախ եմ և ողջունում եմ Ադրբեջանի Հանրապետության նախագահի որոշումը՝ Հայաստանի ուղղությամբ բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման վերաբերյալ։

Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում։ Բարձր եմ գնահատում Ադրբեջանի և Ղազախստանի գործընկերներիս ներդրած ջանքերն ու այս ուղղությամբ իրականացված աշխատանքը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը գրել էր, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։

Related posts

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Ինչքան գումար ծախսեցին քաղաքական ուժերը նախընտրական գովազդի համար. «Հետք»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ