Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը ՀՀ հետ սահմանի և ԼՂ հետ շփման գծի երկայնքով. Փաշինյան

Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված: Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 14-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ ծանր է:

«Նախորդ օրը Ասկերանով մուտք գործած ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ: Հայաստանի և Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը՝ 22 բեռնատարով, Լաչինի միջանցքից ոչ հեռու՝ Կոռնիձորի մոտ, շարունակում են ԼՂ մուտքի հնարավորության սպասել: Բեռների մեկ ուրիշ՝ ավելի մեծ քանակություն գտնվում է մերձակա հատվածում:

Միջազգային հանրությունը շարունակում է իր կոչերը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին: Ձեռնարկվում են բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը հումանիտար բեռների մուտքը ԼՂ և հետագա մատակարարումներն ապահովելու համար»,- ասաց նա:

Փաշինյանը կարևոր համարեց նաև ընդգծելու, որ այս բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգրավված են ԼՂ ներկայացուցիչները:

«Պետք է հուսալ, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի, և մենք Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավվել նման երկխոսության մեջ»,- ասաց վարչապետը:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին