Ֆրանսիական Transavia ավիաընկերության ինքնաթիռը, որը կատարում էր Փարիզ–Երևան չվերթը, վերադարձել է Փարիզի Օրլի օդանավակայան՝ օդում մի քանի շրջան կատարելուց հետո։
Hetq.com–ի հետ զրուցած մի ուղևոր հայտնել է, որ ինքնաթիռի դուռը վնասված է եղել։
Boeing 737-800 ինքնաթիռը պետք է ժամաներ Երևան՝ տեղական ժամանակով 16:10-ին, սակայն մեկուկես ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Փարիզ։
Թռիչքների հետևման flightradar24.com կայքը ցույց է տալիս, որ ինքնաթիռը Փարիզի երկնքում կատարել է 6 պտույտ և իրականացրել վթարային վայրէջք Օրլիի օդանավակայանում՝ տեղական ժամանակով 11:37-ին։
Ըստ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կայքում հրապարակված տեղեկության՝ Transavia ավիաընկերության Փարիզ–Երևան TO 7498 չվերթի ժամանումը նախատեսված էր 16:10-ին, սակայն գրանցվել է ուշացում, և ինքնաթիռը Երևան կժամանի 20:20-ին։